Վրաստանի խոշորագույն սուպերմարկետներում շաքարավազի և ձեթի պաշարները սպառվել են։ Պահանջարկի ավելացման պատճառով որոշ խանութների դարակներ դատարկվել են։
Դիստրիբյուտորների ասոցիացիայի ղեկավար Իվա Ճկղոնիայի խոսքով՝ ապրանքատեսակները խանութների վաճառասեղաններից վերջացել են «խուճապային գնումների» պատճառով։
«Խուճապային գնումները կհանգեցնեն եղած պաշարների սպառմանը, քանի որ Լարսի լեռնանցքը վատ եղանակի պատճառով փակ է, ապրանքը չի կարող առաքվել, հնարավոր է 3-4 օր ուշացում լինի։ Եթե խուճապային գնումները շարունակվեն, ձեթ այլևս չի մնա», — ասել է Ճկղոնիան:
Ըստ Ճկղոնիայի, այս վիճակի պատճառներից է նաև Ուկրաինա ուղարկված մարդասիրական օգնությունը. «Մենք պատրաստ չէինք, և պատերազմի պատճառով նյութատեխնիկական ապահովումը բարդանում է»։
Բաթումիում շաքարավազի ներկրմամբ զբաղվող ձեռնարկատերերն էլ հայտարարել են, թե «առաջիկայում շուկայում շաքարավազի պակաս կարող է լինել»։
Հատկանշական է, որ այս պահին խանութներում 1 կիլոգրամ շաքարավազի գինը 2,90 կամ 3 լարի է։ Փետրվարի սկզբին 1 կիլոգրամ շաքարավազի արժեր 2,60 լարի։
Նշենք, որ վերջին մի քանի օրերին, ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին, Վրաստանում բնակչության մի մասը սկսել է շաքարավազի, ձեթի և այլ ապրանքների պաշարներ կուտակել։aliq.ge