Մեծ Բրիտանիան կարագացնի աշխատանքը Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ և համաշխարհային հանրությանը կոչ կանի ամբողջությամբ անջատել ռուսական բանկերը SWIFT համակարգից, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գիտենք, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չկանգնեցնեն Ուկրաինայում, դա աղետալի հետևանքներ կունենա եվրոպական և համաշխարհային անվտանգության համար։ Ուստի մեր պատասխանը Մոսկվային պետք է լինի ավելի արագ և ուժեղ. անհրաժեշտ է ուժեղացնել պատժամիջոցները, այդ թվում՝ ամբողջությամբ անջատել SWIFT-ը և ապահովել, որ G7 երկրները հրաժարվեն ռուսական նավթից և գազից», – հորդորել է արտգործնախարարը։
ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցություններից հետո Թրասը հայտարարել է նաև բրիտանական կառավարության արտաքին քաղաքական ծրագրերի մասին՝ դաշնակիցներ փնտրելու Ռուսաստանի դեմ։ «Մենք կարագացնենք մեր աշխատանքը՝ ստեղծելու տնտեսական և անվտանգության դաշինքներ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ, որպեսզի ավելի մեկուսացնենք Ռուսաստանը», – ասել է նախարարը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը համատեղ մամուլի ասուլիսում ասել էր, որ Վաշինգտոնի միջնորդությամբ Ուկրաինայի ռազմաօդային ուժերին ՄիԳ-29 կործանիչներ մատակարարելու Լեհաստանի առաջարկը տագնապ ու անհանգստություն է առաջացնում ողջ Հյուսիսատլանտյան դաշինքի համար։
Մարտի 9-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարեց, որ Բուդապեշտը չի հրաժարվի Ռուսաստանից նավթ ու գազ ներկրելուց՝ ԱՄՆ-ի օրինակով։ «Սա անտանելի բեռ կլինի Հունգարիայի համար, ուստի խոսք չի կարող լինել [հակառուսական] պատժամիջոցներին միանալու մասին»,- ասել է քաղաքական գործիչը։