Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից վերահսկվող լաբորատորիաները համագործակցել են վրացական լաբորատորիաների հետ

Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից վերահսկվող լաբորատորիաները համագործակցել են վրացական լաբորատորիաների հետ

Չղջիկներից մարդուն փոխանցվող հարուցիչների ուսումնասիրություն են իրականացրել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող ուկրաինական լաբորատորիաները՝ վրացական լաբորատորիայի և ամերիկյան ինստիտուտի հետ միասին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը։

«[Ուկրաինայում կենսալաբորատորիաների աշխատանքի] առաջնահերթությունների թվում է բակտերիալ և վիրուսային պաթոգենների ուսումնասիրությունը, որոնք կարող են չղջիկներից մարդուն փոխանցվել՝ ժանտախտի, լեպտոսպիրոզի, բրուցելյոզի, ինչպես նաև կորոնավիրուսների և ֆիլովիրուսների հարուցիչներ: Ծրագիրն իրականացվում է ոչ միայն ուկրաինական, այլև վրացական կենսաբանական լաբորատորիաների ներգրավմամբ, որոնք վերահսկվում են Պենտագոնի կողմից Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և ԱՄՆ Երկրաբանական ծառայության հետ համագործակցությամբ»,- ասել է նա։

Ըստ Կիրիլովի, հետազոտություններ են իրականացվում Ռուսաստանի սահմաններին մոտ՝ Սև ծովի ափամերձ շրջաններում և Կովկասում։

Հինգշաբթի ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն ասել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը ուկրաինական կենսալաբորատորիաների փաստաթղթերում ապացույցներ են գտել, որ Պենտագոնը ֆինանսավորել է մահացու պաթոգենների գաղտնի տարածման մեխանիզմի հետազոտությունը: