Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը պատասխանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սպառնալիքին ՆԱՏՕ-ի հետ հակամարտության դեպքում հնարավոր Երրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ռյաբկովի խոսքով՝ նման հայտարարությունները նյարդերի վրա խաղալու փորձ են։ Նա նշել է, որ Մոսկվան որևէ քայլ չի ձեռնարկել, որը կարող է դիտվել որպես էսկալացիա։
«Մինչդեռ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան բացահայտ խոսում է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին։ Սա նյարդերի վրա խաղալու, իր օրակարգը ողջ միջազգային հանրությանը պարտադրելու փորձ է։ Մեզ համար այս գծի կործանարար նպատակներն ակնհայտ են»,- ասել է Ռյաբկովը։
Ավելի վաղ Բայդենը սպառնացել էր Ռուսաստանին Երրորդ համաշխարհային պատերազմով, եթե քայլեր ձեռնարկվեն ՆԱՏՕ-ին սպառնալու համար։ Նրա խոսքով՝ ինքն արդեն 12 հազար զինվոր է ուղարկել սահմանամերձ շրջաններ՝ Լատվիա, Էստոնիա եւ Ռումինիա։ «Որովհետև եթե լինի թեկուզ մեկ շարժում, ես երաշխավորում եմ, որ կարձագանքենք։ Եվ կլինի երրորդ համաշխարհային պատերազմ։ Բայց մենք սուրբ պարտավորություն ունենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։