Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը հրաժարվում է ուկրաինական իրավիճակին ռազմական միջամտությունից, սակայն կուժեղացնի պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա, որպեսզի «վնաս հասցնել տնտեսությանը»։ Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն՝ հղում անելով CNN Türk-ին։
«Իհարկե, մենք ռազմական ճանապարհով չենք միջամտելու իրավիճակին։ Մենք չենք ցանկանում, որ պատերազմը տարածվի, բայց մենք պետք է աջակցենք Ուկրաինային։ Մենք պետք է վնասենք Ռուսաստանի տնտեսությանը, որպեսզի նրանք չկարողանան շարունակել պատերազմը»։ – ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Բորելը հավելել է, որ ներկայումս դժվար հավասարակշռություն է որոնվում, մի կողմից Եվրամիությունը փորձում է աջակցել Ուկրաինային, մյուս կողմից՝ կանխել մեծ պատերազմը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը կարծում է, որ լուրջ մտահոգություններ կան Ռուսաստանի ռազմական գործողությունների ընդլայնման առնչությամբ, օրինակ՝ ՆԱՏՕ-ի այս կամ այն երկրի դեմ։ Նա եզրակացրել է, որ Ռուսաստանը պետք է «մեկուսացվի միջազգային հանրությունից»՝ աջակցելով Կիևին։
Մարտի 11-ին Բորելը խոստացել էր նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանում իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ։ Սահմանափակումները կազդեն մի շարք օլիգարխների, էլիտաների ու լրագրողների վրա, ովքեր պատասխանատու են «Ուկրաինայի դեմ տեղեկատվական պատերազմի» համար։