Մինչև մայիս երկիրն ապահովված է այն ամենով, որ հացի գինը չփոխվի,- ասել է «Հացթուխների ասոցիացիայի» նախագահ Մալխազ Դոլիձեն։
Նրա խոսքով, երկրում ալյուրի երկու-երեք ամսվա պաշար կա:
«Հացն ինչից պատրաստվում է, 60 տոկոս ալյուր է, 20 տոկոս էներգակիրներ ու օժանդակ նյութեր։ Նախօրեին Բրյուսելում գագաթնաժողով է անցկացվել՝ քննարկելու Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի՝ Եվրոպային միանալու հարցը։ Խնդիրներից մեկն էլ պարենային ինքնիշխանության ստեղծումն էր։ Այսինքն՝ ողջ Եվրոպայում, երբ էներգետիկ ճգնաժամ է, դրան ավտոմատ կերպով հաջորդում են պարենային անվտանգության խնդիրները։ Տեսաք, շաքարավազի շուրջ մի քանի օր առաջ տեղի ունեցած աժիոտաժը, որին նախորդել էր Թուրքիայում զտված ձեթի շուրջ եռուզեռը։ Կան ուշացումներ, քանի որ ավելի շատ ռազմանավեր են նավարկում Սև ծովում, և կան որոշակի ուշացումներ նյութատեխնիկական ապահովման հարցում: Ռուսաստանը ցորենի մատակարարման և ալյուրի արտադրության խոշորագույն երկրներից է։ Կարծում էի, որ Ռուսաստանն այս տարի առաջին արտադրողն է, պարզվում է՝ Հնդկաստանն է, բայց Հնդկաստանից ներկրելն, իհարկե, ավելի թանկ կարժենա»,- ասել է Մալխազ Դոլիձեն։
Նա նաև նշել է, որ Ղազախստանի հետ բանակցություններ են ընթանում ցորենի գնման շուրջ, ինչպես նաև կարող են բանակցություններ վարվել եվրոպական որևէ երկրի հետ։
«Մեկ շաբաթ առաջ նոր նախարարը մեզ հրավիրեց, պետությունը հանձնարարական ստացավ, որ 2-3 ամսվա ցորենի պաշար գնեն։ Եթե Ռուսաստանը չլինի, դա կլինի ցանկացած եվրոպական երկիր: Բանակցություններ են ընթանում նաև Ղազախստանի հետ։ Գարնանը ավանդաբար ցորեն և ալյուր արտադրող երկրները ազատվում են հին մնացորդներից, այսինքն՝ վաճառում։ Ուստի այս ժամանակահատվածը կապված է մի փոքր ավելի ցածր գների հետ։ Վրաստանից այսօր 300 մեքենա է տեղափոխվում Ռուսաստան, կանխիկ գումարով ալյուր են գնում և առանց հարկերի ներկրում։ Մեկ պարկ ալյուրը Ռուսաստանից, ներկրողները գնել են 62-63 լարիով և արտադրողներին հանձնել 65-66-67 լարիով։ Ուստի հացի գինը չի փոխվել: Ջուրը թանկացել է՝ 4,40 թեթրիից դառնալով 5,51։ Բոլոր բաղադրիչները թանկ են, խմորիչ, փաթեթավորման նյութեր: Եթե մեկ պարկ ալյուրի գինը լինի 70 լարիի սահմաններում, ապա հացը չի թանկանա։ Եթե այս նշագիծը գերազանցվի, միգուցե պետական սուբսիդավորման ծրագիրը ներգրավվի, կամ այլ իրավիճակ լինի։ Սուբսիդիաներից հիմնականում խուսափում են, բայց ավելի հեշտ է դա անել ցորենի ու ալյուրի վրա, այլ ոչ թե հացի, քանի որ երկրում բավականին շատ են հաց արտադրող ձեռնարկությունները՝ մոտ 2400, այդ թվում՝ մանր ձեռնարկատերեր»,- ասաց Մալխազ Դոլիձեն։