Ուկրաինայում պատերազմի դեմ բողոքի աննախադեպ ակցիա «Վրեմյա» հեռուստածրագրի եթերում

Ուկրաինայում պատերազմի դեմ բողոքի աննախադեպ ակցիա «Վրեմյա» հեռուստածրագրի եթերում

Ուկրաինայում պատերազմի դեմ բողոքի աննախադեպ ակցիա է տեղի ունեցել Ռուսաստանի հեռուստատեսությունում:

Մարտի 14-ին Առաջին ալիքով հեռարձակվող «Վրեմյա» լրատվական ծրագրի ընթացքում մի երիտասարդ կին հայտնվել է հաղորդավարուհու ֆոնին` ձեռքում պահելով «Ո՛չ պատերազմին» գրությամբ պաստառը և վանկարկելով հակապատերազմական կարգախոսներ:

Դրվագը տևել է մի քանի վայրկյան: Թողարկման ռեժիսորն ընդհատել է հաղորդավարուհու խոսքը և եթեր է հեռարձակել հերթական ռեպորտաժը:

Երիտասարդ կնոջը ձերբակալել են: Այս պահին նա գտնվում է իրավապահների հսկողության տակ:

Նա կարող է պատասխանատվության կանչվել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20 հոդվածով՝ «Հանրային գործողություն, որն ուղղված է Ռուսաստանի Զինված ուժերի վարկաբեկմանը»:

Ավելի ուշ հաղորդվել է, որ երիտասարդ կինը՝ Մարիա Օվսյաննիկովան, Ռուսաստանի Առաջին ալիքի աշխատակից է: Հեռուստակայանում մարտի 14-ի միջադեպի կապակցությամբ ներքին ծառայողական քննություն են սկսել: