Վրաստան. ԵՄ դեսպանը ներկայացրել է Կախեթի մարզի զարգացման ծրագրերը

Վրաստան. ԵՄ դեսպանը ներկայացրել է Կախեթի մարզի զարգացման ծրագրերը

Փետրվարի 21-ին Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Մզիա Գիորգոբիանին այցելել են Կախեթ՝ ծանոթանալու մարզային զարգացման համատեղ ծրագրի (PIRDP) շրջանակներում իրականացվող մի քանի նախագծերի ընթացքին:

ԵՄ-Վրաստան 2020-2022 թվականների մարզային զարգացման համատեղ ծրագիրը (PIRDP) նպատակ ունի տարածքային զարգացման ինտեգրված նախաձեռնությունների միջոցով բարենպաստ միջավայր ստեղծել բիզնեսի համար չորս պիլոտային մարզերում՝ Կախեթում, Իմերեթում, Գուրիայում ու Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթում։ PIRDP-ի բյուջեն կազմում է 220 միլիոն լարի, որից 186 միլիոնը կտրամադրի ԵՄ-ն։

Հարցելը և Գիորգոբանին եղել են Սագարեջոյում, Գուրջաանում ու Սիղնախում իրականացվող ծրագրերի տարածքներում և հանդիպեցին փոքր բիզնեսի ներկայացուցիչների, ֆերմերների ու արտահանողների հետ:

Այդպիսի ծրագրերից է Մանավի ամրոց տանող ճանապարհի և դրա հարակից տարածքի բարեկարգումը, ինչը հնարավորություններ կստեղծի տարածքում գործող շուրջ 70 փոքր բիզնեսի համար, որոնք զբաղվում են վրացական ավանդական ուտեստների և գինու վաճառքով։

Դեսպան Հարցելը նաև ներկայացրել է PIRDP-ի շրջանակներում Կախեթի բիզնեսների համար հասանելի նոր հնարավորությունները: Ներկայում երեք առանձին դրամաշնորհային ծրագրեր են հասանելի Գյուղական զարգացման գործակալության, Վրաստանի նորարարության և տեխնոլոգիաների գործակալության (GITA) և Enterprise Georgia-ի միջոցով:

EU4Energy-ն կաջակցի Վրաստանին էլեկտրաէներգիայի ոլորտում անվտանգ մատակարարման ապահովման հարցում

Փետրվարի 17-ին Էներգետիկ համայնքի փորձագետները, սերտ համագործակցելով Վրաստանում ԵՄ պատվիրակության և ազգային էներգետիկ մարմինների հետ, մեկնարկել են EU4Energy-ի տեխնիկական աջակցության նախաձեռնությունը:

Այս գործողությունը Վրաստանին կօգնի սահմանել կանոններ, որոնք կապահովեն էլեկտրաէներգիայի ոլորտում մատակարարումների անվտանգությունը։ Սա կնպաստի մատակարարման ճգնաժամերի կանխարգելմանը, նախապատրաստմանն ու մեղմացմանը և, հետևաբար, քաղաքացիների և արդյունաբերության համար անվտանգ էներգամատակարարման ապահովմանը:

Էներգետիկ համայնքի քարտուղարությունը կաջակցի Վրաստանի իշխանություններին երկրի էլեկտրաէներգիայի ոլորտի համար այսպես կոչված Ռիսկերի պատրաստվածության պլանի պատրաստման հարցում՝ նախորդ տարի ընդունված ԵՄ ռիսկերին պատրաստվածության նոր կանոնակարգին համապատասխան: Այս պլանը հաշվի կառնի Վրաստանի էներգահամակարգի առանձնահատկությունները:

Միշելն ու Զուրաբիշվիլին հանդիպել են Վրաստանի և ԵՄ-ի միջև կապերն ամրապնդելու նպատակով

Մարտի 1-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ՝ քննարկելու ներկա իրավիճակը և ամրապնդելու Վրաստանի և ԵՄ-ի միջև կապերը։

Հանդիպումից հետո Միշելն ասել է, որ վերջին ամիսների ընթացքում փորձել է անել առավելագույնը՝ աջակցելու «Վրաստանում կայունության, տնտեսական բարեփոխումների և ժողովրդավարական բարեփոխումների համար բոլոր դրական ջանքերին»: Նա հավելել է. «Մենք Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի հետ միասին ցանկանում ենք ցույց տալ մեր հստակ և կոնկրետ աջակցությունը՝ շարունակելու Վրաստանի և ԵՄ-ի միջև կապերի ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերը»:

Հանդիպման առթիվ տարածված մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու առաջնորդներն առանձնացրել են այն կարևոր առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ երկու կողմերը պետք է աշխատեն միասին. «Մենք կլինենք խիստ հանձնառու, քանի որ այս չափազանց բարդ ժամանակներում շատ կարևոր է լինել միասին և արտահայտել միջազգային իրավունքին, կանոնների հիմնված միջազգային կարգին, բազմակողմանի մոտեցմանը և ՄԱԿ-ի կանոնադրությանը աջակցության շատ հստակ ուղերձ»:

Վրաստան. ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցեն մանկական սոցիալական ծրագրերին

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող նոր նախաձեռնության շնորհիվ վրաստանցի երեխաներն ու նրանց ընտանիքները կօգտվեն երեխայակենտրոն համայնքային սոցիալական ծրագրերից։

18-ամսյա «Աջակցություն համայնքային իշխանություններին երեխաների և երեխաներ ունեցող ընտանիքների համար համայնքային սոցիալական ծրագրերի մշակման գործում» ծրագիրը կօգնի տասը ընտրված համայնքային իշխանությունների կողմից երեխաների և երեխաներ ունեցող ընտանիքների կարիքներին հարմարեցված սոցիալական ծրագրերի մշակմանը։

ԵՄ անդամ պետությունների կողմից օգտագործվող մեթոդաբանության վրա հիմնված ծրագիրը կմշակի սոցիալական կարիքների գնահատման ուղեցույցներ և գործիքներ, ինչպես նաև վերապատրաստումներ և աշխատանքային հրահանգավորումներ կանցկացնի պիլոտային համայնքների տեղական թիրախային խմբի ներկայացուցիչների համար: Նրանք նաև կսովորեն, թե ինչպես մշտադիտարկել սոցիալական ծրագրերի իրականացման ընթացքը:

Ծրագիրն իրականացվում է Վրաստանի տեղական ինքնակառավարման ազգային ասոցիացիայի հետ համատեղ։

ԵՄ-ն կաջակցի ՀՀ միգրացիոն ծառայությանը և միգրացիոն կառավարմանը

Փետրվարի 16-ին մեկնարկեց ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որն ուղղված է Հայաստանում միգրացիայի կառավարման կարողությունների հզորացմանը:

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) կողմից իրականացվող երկամյա ծրագիրը Հայաստանի ազգային միգրացիոն իշխանություններին կօգնի կատարել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունները: Ծրագիրը հատկապես կկենտրոնա լավ կառավարվող և անվտանգ միջսահմանային շարժունակության խթանման վրա:

Նույն շաբաթ Հայաստան ժամանեց ԵՄ տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի (ԹԱՅԵՔՍ) առաքելությունը՝ հանձին Էստոնիան և Լատվիան ներկայացնող փորձագետների՝ աջակցելու Միգրացիոն ծառայությանը միգրացիայի և բնակչության համապարփակ կառավարման ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման և վերանայման հարցում:

ԹԱՅԵՔՍ-ը Եվրոպական հանձնաժողովի հատուկ գործիքակազմ է, որը պետական կառավարման մարմիններին աջակցում է սեփական օրենսդրությունը ԵՄ-ինի հետ մոտարկելու և այն կիրարկելու հարցերում՝ կիսելով ԵՄ լավագույն փորձը։

ԵՄ երիտասարդ եվրոպական դեսպանները դատապարտում են պատերազմը և համերաշխություն են հայտնում Ուկրաինային

Եվրոպական միության երիտասարդ եվրոպական դեսպանները (ԵԵԴ) հանդես են եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն իրենց ուկրաինացի գործընկերների և ի վճռական դատապարտումն Ռուսաստանի ագրեսիայի։

Հայտարարության մեջ ասվում է.

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը։

Մենք վճռականորեն դատապարտում ենք Ռուսաստանի անօրինական և չհրահրված ագրեսիան։

Մենք հանդես ենք գալիս բռնության բոլոր ձևերը անհապաղ դադարեցնելու, ԵՄ անդամ պետությունների կողմից փախստականներին, ներքին տեղահանվածներին և քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ աջակցության ցուցաբերումը շարունակելու և երկարաժամկետ հեռանկարով խաղաղաշինության արդյունավետ գործընթաց ապահովելու օգտին:

Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին մեզ հետ միասին համերաշխություն հայտնել ուկրաինացի ժողովրդին և ամեն կերպ աջակցել նրանց»։

Երիտասարդ եվրոպական դեսպանները հավելել են, որ պատրաստվում են իրականացնել բողոքի ցույցեր, տարածել փաստեր, հավաքել միջոցներ՝ կարիքավորներին ուղարկելու համար, և իրենց կառավարություններին մղել անելու ավելին: Նրանք նաև ԵԵԴ-ներին, այլ երիտասարդներին ու երիտասարդական ցանցերին հորդորել են կիսվել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն իրենց գործընկերների:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում և բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջև։ 

Ցանցի նպատակն է բարձրացնել իր արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

Ուկրաինայի դեմ ագրեսիա. նոր պատժամիջոցներ ընդդեմ բելառուսական բանկերի, կրիպտոակտիվների, ծովային տեխնոլոգիաների և պաշտոնյաների ու օլիգարխների նոր ցանկի

Եվրոպական միության խորհուրդը մարտի 9-ին ընդունել է լրացուցիչ պատժամիջոցներ ընդդեմ Բելառուսի և Ռուսաստանի։

Այս պատժամիջոցները շարունակությունն են մարտի 2-ին ընդունված սահմանափակող միջոցների՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ ռուսական չհիմնավորված և չհրահրված ռազմական ագրեսիային Բելառուսի ներգրավվածության և հաշվի առնելով իրավիճակի պահպանվող լրջությունը:

Բելառուսի դեմ սահմանված միջոցները նախատեսում են Ռուսաստանի դեմ գործողների նմանությամբ SWIFT-ի արգելքներ և ավելի են ընդլայնում գործող ֆինանսական սահմանափակումները՝ արտացոլելով կրկին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին առնչվող արդեն իսկ գործող միջոցները:

Մասնավորապես, համաձայնեցված միջոցները՝

  • Կսահմանափակեն SWIFT ծառայությունների մատուցումը Belagroprombank-ին, Bank Dabrabyt-ին և Բելառուսի Հանրապետության զարգացման բանկին, ինչպես նաև նրանց բելառուսական դուստր ձեռնարկություններին.
  • կարգելեն Բելառուսի կենտրոնական բանկի հետ գործարքները՝ կապված պահուստների կամ ակտիվների կառավարման և Բելառուսի հետ առևտրի և ներդրումների համար պետական ֆինանսավորման տրամադրման հետ.
  • 2022 թվականի ապրիլի 12-ից կարգելեն Բելառուսի պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությունների բաժնետոմսերի ցուցակումը և ծառայությունների մատուցումը ԵՄ առևտրային վայրերում.
  • զգալիորեն կսահմանափակեն Բելառուսից դեպի ԵՄ ֆինանսական հոսքերը՝ արգելելով Բելառուսի քաղաքացիներից կամ ռեզիդենտներից 100,000 եվրոն գերազանցող ավանդների ընդունումը, ԵՄ կենտրոնական արժեթղթերի դեպոզիտարիաների կողմից բելառուս հաճախորդների համար հաշիվների վարումը, ինչպես նաև եվրոյով արտահայտված արժեթղթերի վաճառքը բելառուս հաճախորդներին.
  • կարգելեն եվրոյով թղթադրամների տրամադրումը Բելառուսին։

Խորհուրդը նաև լրացուցիչ սահմանափակող միջոցներ է մտցրել՝ կապված ծովային նավիգացիոն ապրանքների և ռադիոկապի տեխնոլոգիաների Ռուսաստան արտահանման հետ. արգելվելու է ծովային նավիգացիոն ապրանքների և տեխնոլոգիաների ուղղակի կամ անուղղակի վաճառքը, մատակարարումը, փոխանցումը կամ արտահանումը Ռուսաստանում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի, ինչպես նաև Ռուսաստանում օգտագործելու կամ Ռուսաստանի դրոշի ներքո գործող նավի վրա տեղադրելու համար:

ԵՄ-ն նաև պարզաբանեց, որ վարկերը կարող են տրամադրվել ցանկացած միջոցներով, ներառյալ կրիպտոակտիվները, և լրացուցիչ պարզաբանեց «փոխանցելի արժեթղթեր» հասկացությունը՝ դրա մեջ ներառելով կրիպտոակտիվները և այդպիսով ապահովելով գործող սահմանափակումների պատշաճ իրականացումը:

Բացի այդ, ԵՄ բանկերում 100,000 եվրոն գերազանցող ավանդների ընդունման հետ կապված արտոնությունը տարածվել է Շվեյցարիայի և ԵՏԳ քաղաքացիների վրա:

Խորհուրդը նաև 160 անուն է ավելացրել ներդրումային ծառայությունների, փոխանցվող արժեթղթերի, դրամական շուկայի գործիքների և վարկերի հետ կապված արգելքների ենթակա իրավաբանական անձանց, կազմակերպությունների և մարմինների ցանկում։

Վերջին ցանկը ներառում է.

  • 14 օլիգարխների և հանրահայտ գործարարների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների անուններ, ովքեր ներգրավված են Ռուսաստանի Դաշնության համար զգալի եկամուտ ապահովող առանցքային տնտեսական ոլորտներում՝ մետալուրգիա, գյուղատնտեսություն, դեղագործություն, հեռահաղորդակցություն, թվային արդյունաբերություն և այլն.
  • Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի 146 անդամների անունները, ովքեր վավերացրել են Ռուսաստանի Դաշնության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրերը:

ԵՄ-ի կողմից ներկայում սահմանափակող միջոցներ են կիրառվում են ընդհանուր առմամբ 862 ֆիզիկական անձանց և 53 կազմակերպությունների նկատմամբ:

ԵՄ-ն համաձայնել է սկսել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի անդամակցության հայտերի ուսումնասիրությունը

Մարտի 7-ին Եվրոպական միությունում մշտական ներկայացուցիչների կոմիտեն (COREPER II) համաձայնել է հրավիրել Եվրոպական հանձնաժողովին՝ ներկայացնելու իր կարծիքը Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի կողմից ներկայացված ԵՄ անդամակցության դիմումներից յուրաքանչյուրի վերաբերյալ:

Եվրոպական միությունում մշտական ներկայացուցիչների կոմիտեի կազմի մեջ մտնում են Բրյուսելում ԵՄ անդամ երկրների առաքելությունների ղեկավարները կամ նրանց տեղակալները։

Ներկայացուցիչները համաձայնել են գրավոր ընթացակարգով դիմել Խորհրդին, որպեսզի վերջինս վավերացնի Եվրոպական հանձնաժողովի կարծիքը պահանջող նամակների նախագծերը:

Թեև այս քայլն ունի տեխնիկական բնույթ, այն սկիզբ է դնում Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի՝ որպես թեկնածու երկրներ հաստատելու գործընթացին:

ԵՄ առաջնորդներն այս թեման կքննարկեն ընթացիկ շաբաթվա վերջին կայանալիք գագաթնաժողովում: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ավելի վաղ՝ երկիշուբթի օրը Twitter-ում գրել է, որ Ուկրաինայի անդամակցության հայտը կքննարկվի «մոտ օրերս»։

ԵՄ-ն որոշել է SWIFT-ից անջատել ՌԴ առանցքային բանկերը

Եվրոպական միությունը մարտի 2-ին որոշում է ընդունել ռուսաստանյան առանցքային բանկերը դուրս թողնել SWIFT համակարգից, որը ֆինանսական տեղեկատվության փոխանցման աշխարհում առաջատար համակարգն է և օգտագործվում է անդրսահմանային վճարումներ կատարելու նպատակով:

Այս միջոցը նշված բանկերին կզրկի ամբողջ աշխարհում արագ և արդյունավետ ֆինանսական գործարքներ կատարելու հնարավորությունից: Այս որոշումը սերտորեն համաձայնեցվել է ԵՄ միջազգային գործընկերների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը:

«Եվրոպական միությունը լույսի արագությամբ ծանր պատժամիջոցների երեք ալիք է ընդունել Ռուսաստանի ֆինանսական համակարգի, նրա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և կոռումպացված վերնախավի դեմ: Սա մեր Միության պատմության ամենամեծ պատժամիջոցների փաթեթն է։ Ռուսաստանյան առանցքային բանկերը SWIFT ցանցից անջատելու մասին այսօրվա որոշումը ևս մեկ շատ հստակ ազդանշան է՝ ուղղված Պուտինին և Կրեմլին», – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Տուժած բանկերի ցանկը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։ Դրանք են.

  • «Օտկրիտիե»
  • «Նովիկոմբանկ»
  • «Պրոմսվյազբանկ»
  • «Ռոսիյա»
  • «Սովկոմբանկ»
  • «ՎՆԵՇԷԿՈՆՈՄԲԱՆԿ» (ՎԷԲ)
  • «ՎՏԲ»

Որոշումն ուժի մեջ կմտնի ընդունումից հետո 10 օրվա ընթացքում։ Սա SWIFT-ին և այլ օպերատորներին կտրամադրի կարճ անցումային շրջան միջոցի ներդրման համար՝ դրանով իսկ նվազեցնելով ԵՄ բիզնեսների և ֆինանսական շուկաների համար հնարավոր բացասական ազդեցությունները: Կախված Ռուսաստանի վարքագծից՝ Հանձնաժողովը պատրաստ է կարճ ժամանակում այս ցանկում ավելացնել ռուսաստանյան այլ բանկեր:

Երիտասարդ առաջնորդների եվրոպական ֆորում Լեհաստանում

Եվրոպական միության, Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրների երիտասարդ առաջնորդներին առաջարկվում է Երիտասարդ առաջնորդների եվրոպական ֆորումին մասնակցելու հայտ ներկայացնել։ Միջոցառումը տեղի է ունենալու 2022 թվականի ապրիլի 24-ից 27-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում:

Ֆորումը մասնակիցներին հնարավորություն կտա քննարկել ներկա քաղաքական իրավիճակը, կիսվել փորձով և հաստատել նոր կապեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով Ուկրաինայի երիտասարդության իրավիճակին։ Ֆորումի մյուս թեմաներից են ՄԱԿ-ի Կայուն զարգացման 2030 օրակարգը և 2019-2027 թվականների եվրոպական երիտասարդական ռազմավարությունը, ինչպես նաև 2021-2027 թվականների ԵՄ երիտասարդական ծրագրերի թեմատիկ առաջնահերթությունները, ներառյալ ներառականությունը և բազմազանությունը, թվային փոխակերպումը, շրջակա միջավայրը և կլիմայի փոփոխության դեմ պայքարն ու մասնակցությունը ժողովրդավարական կյանքին:

Ֆորումը կանցկացվի հիբրիդային ձևաչափով, որին Կատովիցեում և առցանց կմասնակցեն 200 երիտասարդ առաջնորդներ:

Մասնակցության դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. մարտի 20-ն է։

Lisbon Addictions 2022. գրանցվիր և մասնակցիր կախվածության վերաբերյալ հաջորդ եվրոպական համաժողովին

2022 թվականի նոյեմբերի 23-ից նոյեմբերի 25-ը Լիսաբոնում կհավաքվեն կախվածության ուսումնասիրությունների առաջատար միջազգային փորձագետները՝ մասնակցելու կախվածության վերաբերյալ հաջորդ եվրոպական համաժողովին («Lisbon Addictions 2022»):

Միջոցառումը կազմակերպվում է Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (ԹԹՄԵԿ), ինչպես նաև այլ կազմակերպությունների կողմից:

«Գլոբալ կախվածություններ» համընդգրկուն թեմայի ներքո անցկացվելիք միջոցառման շրջանակներում կներկայացվեն այս բնագավառում վերջին գիտական բացահայտումները և կդիտարկվեն ապօրինի թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի, էկրանից կախվածության, մոլախաղերի և կախվածություն առաջացնող այլ վարքագծի հետ կապված մարտահրավերները: Նշված թեմաները կուսումնասիրվեն տարբեր տեսանկյուններից՝ սկսած միջազգային քաղաքականությունից և միջամտություններից մինչև նորարարական մեթոդներ և մարդու իրավունքներ:

Գրանցումը բաց է ԹԹՄԵԿ գործընկեր երկրները, այդ թվում Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող պոտենցիալ ներդրողների (օրինակ՝ հետազոտողների, գիտնականների, պրակտիկանտների) և լրագրողների համար։

Մասնակցության դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2022թ. մարտի 31-ն է։

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։

Radio NOR · Վրաստան. ԵՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաջակցեն մանկական սոցիալական ծրագրերին