Լեհաստանի վարչապետը Վրաստան կժամանի

Լեհաստանի վարչապետը Վրաստան կժամանի

Կիև կատարած այցից հետո Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին այսօր կժամանի Վրաստան և Բաթումիում կհանդիպի Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածել է Լեհաստանի կառավարությունը:

Ըստ տեղեկության՝ հանդիպման ընթացքում վարչապետները կքննարկեն Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ միջազգային հանրության գործողությունները, ինչպես նաև Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Լեհաստանի վարչապետի հանդիպման արդյունքները։

Միաժամանակ, վարչապետները կքննարկեն Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման հետ կապված մարտահրավերները, մասնավորապես ԵՄ անդամակցության վերաբերյալ վերջերս ներկայացված հայտը։

Բացի այդ, նշվում է, որ Լեհաստանի վարչապետը կխոսի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների լայն շրջանակի իրագործման մեջ Վրաստանի ներգրավվածության մասին։ Քննարկվում է նաև տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը այն երկրների վրա, որոնք դատապարտում են ռուսական ագրեսիան և ներկայիս միգրացիոն իրավիճակը։

Լեհաստանի և Վրաստանի վարչապետները մարտի 17-ին Բաթումիում կբացեն Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկիի հուշարձանը։ Նշենք, որ 2008 թվականի պատերազմի ժամանակ Լեխ Կաչինսկին այլ ղեկավարների հետ Թբիլիսիում էր՝ Վրաստանին աջակցելու նպատակով։ aliq.ge