Անտարկտիկայի Կոնկորդիա կայարանում, որը գտնվում է ծովի մակարդակից 3234 մետր բարձրության վրա, մարտի 18-ին ջերմաստիճանը հասել է -12,2°C-ի, ինչը միջինից 40°C-ով բարձր է։ Սա կայանի համար բացարձակ ռեկորդ է դիտարկումների ողջ պատմության ընթացքում, գրում է Hi-Tech-ը։
Ջերմաստիճանի բարձրացում է գրանցվել նաեւ «Վոստոկ» կայանում՝ -17,7°C, ինչը գրեթե 15°C-ով ավելի է մարտին նախկինում գրանցված առավելագույն ջերմաստիճանից։ Անոմալիայի մասին տեղեկությունը Twitter-ում հրապարակել է էքստրեմալ եղանակի հետազոտող Մաքսիմիլիանո Հերերան։
ԱՄՆ-ի Ձյան եւ սառույցի տվյալների ազգային կենտրոնի գիտնականները նշում են, որ սա չափազանց անսովոր երեւույթ է։ Անտարկտիդայում, որտեղ այժմ պետք է աշուն սկսվի, տաքացմանը զուգահեռ անոմալ ջերմաստիճաններ են գրանցվել նաեւ Արկտիկայում։ Հյուսիսային բեւեռում ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 30°C-ով։
«Դա իսկապես անսովոր է,- ասել է հետազոտող Ուոլթ Մեյերը Associated Press-ին տված հարցազրույցում,- Բեւեռներում հիմա տարվա տարբեր եղանակներ են։ Հյուսիսային և հարավային բեւեռները չպետք է միաժամանակ հալվեն»։
Գիտնականը հավելել է, որ Անտարկտիդայում տաքացումը, ամենայն հավանականությամբ, պատահական եղանակային երեւույթ է, որը կապված չէ կլիմայի տաքացման հետ։ Մեյերը կարծում է, որ դա կարող է լինել ջերմ մթնոլորտային հոսանք, որը եկել է Խաղաղ օվկիանոսից։ Սակայն եթե այսպիսի փոփոխություններ այսուհետ եւս գրանցվեն, դա մտահոգության տեղիք կտա։news.am