Ռուսաստանը ԱՄՆ-ի կողմից բիոլաբորատորիաների միջոցով վարակ տարածելու մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Այս անգամ խոսքը Ուկրաինայում չղջիկների միջոցով հիվանդությունների տարածման մասին է։ Նշվածն ակտիվ տարածում են ռուսական լրատվամիջոցները։
Ռուսական վարկածի համաձայն՝ ԱՄՆ մասնագետների ղեկավարությամբ Ուկրաինայի Խարկով քաղաքում երկար տարիներ գաղտնի նախագիծ է իրականացվել։ Ուկրաինայում «կենսաբանական զենքի» առկայության մասին ռուսական կողմը հայտարարել էր նաև մարտի 10-ին։
Հատկանշական է, որ վերջերս ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը հայտարարել էր նաև, որ «խոզի գրիպը, որն ակտիվորեն տարածվում է 2007 թվականից, բուծվել է Վրաստանում՝ Լուգարի լաբորատորիայում»:
Թբիլիսիում ԱՄՆ-ի կողմից կառուցված Լուգարի լաբարատորիայի դեմ ապատեղեկատվություններ են տարածվում դեռևս ստեղծման օրվանից: 2020 թվականի հուլիսին, երբ ռուս զինվորականները շփման գծից առևանգել էին Գորիի շրջանի բնակիչ Խվիչա Մղեբրիշվիլին, պատճառը կապել էին «չղջիկների» հետ։
Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ «սահմանի ապօրինի հատման» մեղադրանքով կալանավորված Վրաստանի քաղաքացին հետաքրքրված է Հարավային Օսիայում բնակվող չղջիկներով, որոնք պետք է վաճառվեին 5-10 հազար ԱՄՆ դոլարով։ Նշվում է որ «չղջիկները հետաքրքրում են Լուգարի լաբարատորիային»:
Նշենք, որ ԱՄՆ-Վրաստան համագործակցության շրջանակներում Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոնի շինարարությունը սկսվել է 2004 թվականին, իսկ շենքը ամբողջությամբ շահագործման է հանձնվել 2013 թվականի օգոստոսին։ Այնուհետև ռուսական շատ աղբյուրներ տարածում էին տեղեկություն այն մասին, որ Լուգարի լաբորատորիայում բիոլոգիական և քիմիական զենք է արտադրվում։aliq.ge