
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է երկրի հարավում վթարի ենթարկված China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737-ի զոհերի թիվը։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վթարի ենթարկված ինքնաթիռի բոլոր 123 ուղեւորներն ու անձնակազմի 9 անդամները զոհվել են։
Հստակեցվում է, որ փորձագետները ԴՆԹ-ով արդեն պարզել են Boeing 737 ինքնաթիռում գտնվող 120 մարդու ինքնությունը։
Մինչ այդ, հեռուստաընկերությունը հայտնել էր, որ վթարի վայրից նմուշներում պայթուցիկ բաղադրիչներ չեն հայտնաբերվել։ «Ֆիզիկական-քիմիական լաբորատորիան ընդունել է ընդհանուր առմամբ 66 նմուշ, 41 նմուշի փորձարկումն արդեն ավարտվել է, և սովորական անօրգանական պայթուցիկների բաղադրիչներ, ինչպես նաև սովորական օրգանական պայթուցիկ նյութերի բաղադրիչներ չեն հայտնաբերվել», – ասել է Գուանսի Չժուան ինքնավար շրջանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Չժեն Սին։