Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների քննության գրանցումը մեկնարկում է

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների քննության գրանցումը մեկնարկում է

Վաղվանից Վրաստանում կմեկնարկի ուսուցիչների և ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող անձանց քննության գրանցումը, որին այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաև ոչ վրացալեզու դպրոցների (հայալեզու, ադրբեջանալեզու) լեզվի և գրականության ուսուցիչները։

Երկու լեզուների և գրականությունների ուսուցիչների առարկայի քննության և մասնագիտական իրավասությունը հաստատող թեստավորման ժամանակ կստուգվի.

  • ուսումնական պլանի հիմնական պահանջների իմացությունը,
  • առարկայի դասավանդմանն անհրաժեշտ լեզվաբանական և գրական նյութի իմացությունը,
  • գնահատման տարբեր մեթոդների կիրառմամբ աշակերտի գիտելիքի և ունակության չափումը,
  • անծանոթ տեքստի վերաիմաստավորման և վերլուծության ունակությունը,
  • քննադատական մտածողության ունակությունը,
  • գրի մշակույթը:

Ինչպես այլ առարկաների, այնպես էլ հայոց լեզվի և գրականության քննության համար հնարավոր կլինի գրանցվել մարտի 29-ից ժամը 10։00-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 18։00-ն։ Գրանցումը տեղի կունենա միայն էլեկտրոնային տարբերակով՝ online.naec.ge կայքի միջոցով։

Քննության գրանցումը ուսուցչի կարգավիճակ ձեռք բերել ցանկացողների համար կրկին կարժենա 50 լարի, իսկ գործող ուսուցիչների համար՝ անվճար։

Հիշեցնենք, որ Վրաստանի կրթության և գիտության նախարարության որոշմամբ ոչ վրացալեզու (հայալեզու և ադրբեջանալեզու) դպրոցների լեզու և գրականություն առարկան դասավանդող ուսուցիչները 2022-ին առաջին անգամ առարկայի մասնագիտական քննություն կհանձնեն։

Լեզվի և գրականության քննության թեստերը կազմվել են Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) կողմից։ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների քննական հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ՝ հարցաշար: aliq.ge