Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորը դադարեցրել է իր լիազորությունները

Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավորը դադարեցրել է իր լիազորությունները

«Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով ընտրված Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավոր Մխիթար Ռստակյանը ժամկետից շուտ դադարեցնում է իր լիազորությունները, քանի որ նա ղեկավարում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը, որը հանդիսանում է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ոչ ձեռնարկատիրական, ոչ առևտրային իրավաբանական անձ:

Մխիթար Ռստակյանը 2022 թվականի մարտի 3-ին պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին դիմում էր ներկայացրել։ Մարտի 4-ից նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած։ Այսօր այս հարցը քննարկվել է Սակրեբուլոյի բյուրոյի նիստում։ Նրա պատգամավորական գործունեությունը անհամատեղելի է մունիցիպալ ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի պաշտոնի հետ։

Նրա տեղը Ախալքալաքի Սակրեբուլոյում կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքի բջջի ընտրացուցակի հաջորդ համարը՝ Նասլեթ Խանաղյանը Վաչիան գյուղից։

Մխիթար Ռստակյանը Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր 2022 թվականի հունվարից, այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Արմեն Բիչախչյանը 2021 թվականի դեկտեմբերին սեփական դիմումի հիման վրա պաշտոնաթող էր եղել։ Մխիթար Ռստակյանը 3 ամսով նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար։ jnews.ge