Հայ Կրթական Հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2022-2023թթ․ նոր ուսումնական տարվա համար՝ Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ ուսանողների համար։ ՀԿՀ-ի հաղորդմամբ՝ կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով՝ խրախուսելու և աջակցելու Վրաստանում բնակվող հայ երիտասարդությանը։
Կրթաթոշակի մրցույթին կարող են մասնակցել Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա համակարգում վճարովի սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի բաժնի ուսանողները, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված վրաց լեզվի ծրագրի (1+4) նախապատրաստական փուլում սովորող ուսանողները։
Հայ կրթական հիմնարկության Ջավախքի մասնաճյուղի ներկայացուցիչ Հմայակ Գրիգորյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ ընդլայնվել են կրթաթոշակի տրամադրման մասշտաբները․
«Անցած տարիներին մրցույթը հիմնականում Նինոծմինդայի և Ախալքալաքի ուսանողների համար էր, սակայն արդեն 2-րդ տարին է ինչ ՀԿՀ-ն պատրաստ է ֆինանսավորել Վրաստանի բոլոր հայ ուսանողներին, բացառություն են կազմում Թբիլիսիում բնակվողները, ովքեր ավելի մեծ հնարավորություն ունեն, հատկապես պետական լեզվի իմացության առումով»։
Գրիգորյանը նշում է, որ Ջավախքի ուսանողները Վրաստանի այլ մարզերում բնակվող ուսանողների նկատմամբ որևէ առավելություն չունեն, ուսանողին առավելություն է շնորհում իր առաջադիմությունը և մոտիվացիան։
«Մրցույթի ժամանակ հաշվի է առնվում ուսանողի առաջադիմությունը, դրանից զատ նաև ուսանողից պահանջվում է գրել շարադրություն, այն մասին թե տվյալ անձնավորությունը ինչու պիսի ստանա ֆինանսավորում, — նշում է նա և շարունակում,- Մրցույթը բաղկացած է 3 փուլից, առաջին փուլը գրանցումն է, երկրորդը առաջին փուլը հաղթահարած ուսանողների հետ հարցազրույցն է, իսկ 3-րդ փուլը հովանավորվող ուսանողների վերջնական ընտրությունն է»։
ՀԿՀ-ն ուսանողի առջև դնում է ևս մեկ պայման․
«Տարեցտարի դիմորդների թիվն ավելանում է, և էլ ավելի թեժանում մրցակցությունը, ուստի կա ևս մեկ պայման՝ բոլոր կրթաթոշակառուները պետք է գերազանց ավատրեն համալսարանն ու վերադառնան իրենց ծննդավայր, կարողանան օգնել իրենց ծնողներին, ինչպես նաև նպաստել իրենց համայնքի զարգացմանը»։
Գրիգորյանը հորդորում է ուսանողներին հարցերի դեպքում գրել ՀԿՀ Ջավախքի մասնաճյուղի ֆեյսբուքյան էջին։
Ընգծենք, որ մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը (ՄՈԳ) առնվազն 75 միավոր է կազմում։ Իսկ ֆինանսավորվելուց հետո, կարող են պահպանել կրթաթոշակը բարձր ակադեմիական նիշ՝ առնվազն 75 միավոր, տարեկան 120 ժամ կամավորական աշխատանք կատարելու դեպքում։
Նշենք, որ ՀԿՀ-ի կողմից հովանավորվում են հետևյալ համալսարանները՝
Ցանկության դեպքում ուսանողը հայտադիմումը կարող է լրացնել անցնելով հետևյալ հղումով։