ՌԴ բանկերը սկսել են արգելափակել քարտերը

ՌԴ բանկերը սկսել են արգելափակել քարտերը

Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայում «Կոմերսանտ»-ին պատմել են, որ բանկերը սկսել են հետեւել մարտի կեսերին ստացված ՌԴ Կենտրոնական բանկի առաջարկություններին` հատուկ ուշադրություն դարձնել սպեկուլյացիայի նպատակով «մեծաքանակ գնումներին»։

Ռուսաստանյան բանկերից մեկում «Կոմերսանտ»-ի զրուցակիցը պարզաբանել է, որ խոսքը, մասնավորապես, գործարքներից հետո քաղաքացու քարտերն անջատելու մասին է, «որտեղ ակնհայտ է վերավաճառքի համար գնումը»։

Կենտրոնական բանկի մարտի 16-ի նամակն ուղարկվել էր բանկերին ի կատարումն «փողերի լվացման դեմ պայքարի» օրենքի։ Կարգավորիչը պահանջում է վարկային կազմակերպություններից մեծ ուշադրություն դարձնել հաճախորդի «ոչ ստանդարտ վարքագծի» հետ կապված գործարքներին, դրանց ակտիվության անոմալիաներին, սպառողական եւ ներդրումային բնույթի ծախսերի փոփոխություններին, որոնք «ասոցացվում են ընթացիկ տնտեսական իրավիճակի հետ»:

«Օրինակ, ապրանքների գնման հետ կապված գործարքների ծավալների եւ միատեսակության ավելացում, ինչը բնորոշ չէ մասնավոր սպառողին եւ կարող է վկայել ապրանքների հետագա վերավաճառքի նպատակով գնումների մասին»,- ասված էր նամակում։

Հենց «գործարքների միատեսականությունն է», որը հաճախ հետեւանք է դառնում այն սահմանափակումների, որոնք վերջին շաբաթներին ներդրել են շատ մանրածախ խանութներ՝ ի պատասխան առաջին անհրաժեշտության մթերքների եւ ապրանքների աժիոտաժ պահանջարկի: Սակայն տեղերում մանրածախ առեւտրի կետերի վաճառողները հաճախ շրջանցում են սահմանափակումները՝ բաց թողնելով ապրանքների անհրաժեշտ քանակը մեկ անձի համար՝ տարբեր կտրոններ խփելով: