Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հեռախոսազրույցի ժամանակ ասել է Մոսկվայի որոշման մասին՝ անցնելու Գերմանիային և Եվրամիության այլ երկրներին մատակարարվող գազի դիմաց ռուբլով վճարելուն։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է РИА Новости-ն։
«Հաշվարկների ընթացակարգի փոփոխությունը մտցվում է այն պատճառով, որ խախտելով միջազգային իրավունքը, Ռուսաստանի Բանկի արժութային պահուստները սառեցվել են ԵՄ անդամ երկրների կողմից»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Պուտինը Շոլցին վստահեցրել է, որ այս որոշումը չպետք է հանգեցնի ռուսական գազ ներկրող եվրոպական ընկերությունների պայմանագրային պայմանների վատթարացման։ Այս հարցը հետագայում կքննարկեն Ռուսաստանի և Գերմանիայի փորձագետները։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ արտասահմանյան ընկերություններին ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու Մոսկվայի պահանջը պատժամիջոցների տակ գտնվող երկրի շահերը պաշտպանելն է։ Նա նշել է, որ նման պահանջները չեն խախտում կնքված պայմանագրերը։