Այսօր՝ մարտի 31 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակիչները հողերի խնդիրների բողոքով դիմել էին Նինոծմինդայի քաղաքապետարան:
Բնակիչները խուսափեցին հարցազրույց տալ NOR ռադիոկայանին , բայց մենք դիմեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանին, ով մեզ հետ զրույցում ասաց. «Թեզ խարաբ» կոչվող հողատարածքը որը երկար տարիներ օգտագործել են Ղաուրմայի բնակիչները պարզվել է, որ 2012 թվականին այն վաճառվել է այլ անձի: Չնայած վաճառված լինելուն Ղաուրմայի բնակիչները այնուամենայնիվ մինչեւ անցած տարի օգտվել են այդ հողատարածքից: Հիմա նրանց մտահոգությունը այն է թե ինչի է վաճառվել առանց բնակիչների իմացության: Եթե վաճառքի ենթակա էր ապա իրենք պատրաստ էին գնելու այդ հողատարածքը: Բնակիչները եկել էին քաղաքապետարան հողատարածքների ծածկագիրը վերցնելու, որպեսզի հետագայում դիմեն դատարան պարզելու համար թե ինչ ճանապարհով է վաճառվել»:
Մանրամասները՝ աուդիոձայանգրությունում.
Խնդրահարույց հողերի հարցը առաջին անգամ չէ որ բարձրացվում է: Նախկին բողոքի ժամանակ NOR ռադիոկայանը անդրադարձել էր վերոնշյալ թեմային, որի արդյունքում պարզ էր դարձել, որ Փոքր Խանչալի եւ Դիլիֆ գյուղերի հարակից տարածքում գտնվող «թեզ խարաբ» կոչվող մոտ 300 հեկտար մակերեսով հողատարածքը երկար տարիներ եղել է իրենց օգտագործման տակ, բայց այսօր բնակիչները կանգնել են հողերն օգտագործելու խնդրի առաջ: 300 հեկտար հողատարածքի որոշ մասը սեփականաշնորհված է եւ նրանք օգտագործելու իրավունք չունեն: Մենք փորձեցինք պարզել բնակիչներին անհանգստացնող հողի խնդիրը: Պարզեցինք, որ 300 հեկտար հողատարածքից մոտ 60 հեկտար հողամասը սեփականաշնորված է, եւ օրենքով պատկանում է կոոպերատիվ կազմակերպությանը։ Մեր աղբյուրներից իմացանք, որ նախկինում եւս 50 հեկտար հողամասը սեփականաշնորհված է եղել «სამცხე ჯავახეთის განვითარების»(Սամցխե Ջավախեթիի զարգացման) ասոցիացիայի կողմից։ Մենք չկարողացանք պարզաբանել գոյություն ունի արդյոք տվյալ ասոցիացիան թե ոչ, եւս 40 հեկտար հողատարածք սեփականաշնորհված է Ղաուրմա գյուղի բնակիչների կողմից: Մնացած մոտ 150 հեկտար հողատարածքը պետական է եւ ոչ մեկին չի պատկանում: