Հայոց լեզվի և գրականության հարցաշարը բոլորի համար նույնը կլինի

Հայոց լեզվի և գրականության հարցաշարը բոլորի համար նույնը կլինի

Ինչպես արդեն տաեղեկացրել ենք, Վրաստանում հայոց լեզվի և գրականության ուսուցիչների ատեստավորման համար հարցաշար է մշակվում։ Աշխատանքներ են տարվում քննական թեստերի վերջնական ձևավորման ուղղությամբ։ Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից հայտնում են, որ հարցաշարը վերջնական պատրաստ կլինի քննությունից երկու շաբաթ կամ մեկ ամիս առաջ։

Ջավախքում հայոց լեզվի և գրականության ուսուցիչները երկար ժամանակ փորձում են իրենց կարգավիճակը բարձրացնել՝ քննություն հանձնելով այլ առարկաներից, օրինակ՝ մաթեմատիկա, բնություն, արվեստ և այլն, քանի որ չկար հայոց լեզվի և գրականության քննություն։ Սակայն այս տարի առաջին անգամ Վրաստանում կլինի հայոց լեզվի և գրականության քննություն։ Հիմա պատրաստվում են թեստերը, որոնց համար Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը համագործակցում է Հայաստանի քննական կենտրոնի հետ, բացի այդ, հրավիրված են առաջատար հայագետներ։

Ախալքալաքի շրջանի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչները խնդրում են, որ նախարարությունը իրենց տրամադրի քննական գոնե մեկ նմուշ, ըստ որի իրենք կառաջնորդվեն քննությանը պատրաստվելիս։

«Հայոց լեզվի և գրականության քննության քննական նմուշ չկա, մեզ տրված է ընդհանուր ծրագիրը, սկսած վաղնջական ժամանականերից մինչև մեր օրեր։ Ծրագիր կա, սակայն նմուշ չկա: Մեզ ասել են առավելագույն միավորը 70 է, եթե ուսուցիչը հավաքի 60 տոկոսը, կստանա 10 միավոր, բայց մեզ համար անհայտ է, թե մի հարցը քանի միավոր է գնահատվում, միգուցե ուսուցիչը պետք է սկսի այն հարցին պատասխանելուց, որը շատ միավոր կբերի, չափորոշիչները մեզ պարզ չեն։ Եթե հնարավոր է մի նմուշ, որպեսզի մենք ուղղորդվենք ու տեսնենք ինչ մակարդակի բարդության է կազմված քննական թերթիկը»,- ասում է հայոց լեզվի և գրանակության ուսուցիչներից մեկը։

Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից JNEWS-ին հայտնեցին, որ դեռ աշխատանքներ են ընթանում։

«Ընդհանուր առմամբ, փաստացի մեկ տարի է աշխատում են թեստերի պատրաստման վրա, երկարաժամկետ և բարդ աշխատանք է պահանջում։ Դրանք պատրսատ կլինեն քննություններից երկու շաբաթ կամ մեկ ամիս առաջ։ Թե մոտավոր ինչ կպարունակի քննական թեստը, տեղադրված է մեր կայքում, և բոլորը կարող են ծանոթանալ»։

Ուսուցիչներին հետաքրքրում է նաև այն, արդյո՞ք բոլոր ուսուցիչների համար նույն քննական թեստը կլինի, թե տարբեր կլինեն տարրական և բարձր դասարանների ուսուցիչների համար: Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից հայտնում են, որ բոլորի համար քննական թեստերը նույնը կլինեն։jnews.ge