Թուրքիան մինչեւ 50 տոկոսով բարձրացրել է բնական գազի մեծածախ գները

Թուրքիան մինչեւ 50 տոկոսով բարձրացրել է բնական գազի մեծածախ գները

Թուրքիան բարձրացրել է բնական գազի մեծածախ գները, 50 տոկոսով՝ արդյունաբերական ձեռնարկությունների եւ 35 տոկոսով տնային տնտեսությունների համար, ինչը եւս մեկ հարված է սպառողներին եւ ձեռնարկություններին, որոնք տուժում են արագ աճող գնաճից, գրում է Ahval-ը։

Էլեկտրաէներգիայի արտադրության համար բնական գազի արժեքը եւս աճել է 44.3 տոկոսով, հինգշաբթի հայտնել է BOTAŞ պետական ​​խողովակաշարային ընկերությունը։

Թուրքիայում սպառողական գների գնաճը փետրվարին աճել էր մինչեւ 54.4 տոկոս, ինչն ամենաբարձրն է վերջին երկու տասնամյակների ընթացքում, եւ ակնկալվում է, որ այն էլ ավելի կարագանա, երբ Ուկրաինայում պատերազմի պատճառով նավթի եւ բնական գազի գները կտրուկ աճեն: Թուրքիան իր կողմից սպառվող գրեթե ամբողջ նավթն ու գազը ներկրում է՝ տնտեսությունը խոցելի դարձնելով գների տատանումների նկատմամբ:

Հունվարի սկզբին BOTAŞ-ը հայտարարել էր բնական գազի գների 15-50 տոկոսով բարձրացման մասին։ Նույն ամսին Էներգետիկ շուկայի կարգավորող մարմինն էլեկտրաէներգիայի գների 52-130 տոկոս բարձրացում պարտադրեց՝ բողոքի ակցիաներ առաջացնելով գործարարների շրջանում, իսկ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հայտարարել էր, որ հրաժարվում է վճարել իր հաշիվները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերին հավանություն էր տվել նվազագույն աշխատավարձի 50 տոկոսով բարձրացմանը՝ թուրքական հասարակության ամենաաղքատ խավերի վրա գների աճի արագացման ազդեցությունը մեղմելու համար: Նրան ընտրություններ են սպասվում մինչեւ 2023 թվականի հունիս։ Էրդողանի ոչ ավանդական տնտեսական քաղաքականությունը, որը Կենտրոնական բանկին տոկոսադրույքները նվազեցնելու հրաման է ներառում, սրել են Թուրքիայի տնտեսական խնդիրները եւ խթանել գնաճը:

Թուրքիայի կենտրոնական բանկը ստիպված էր ֆինանսավորել BOTAŞ-ին արտարժույթով բնական գազ գնելու համար, ինչը բացասական ազդեցություն ունեցավ բանկի արդեն սպառված ռեզերվներին, որոնք նա ծախսել էր փխրուն լիրայի պաշտպանության համար։ Ըստ տեղական մամուլի հաղորդումների՝ նա հունվարին 4.1 միլիարդ դոլար է վաճառել BOTAŞ-ին, իսկ 2021-ին՝ 6.1 միլիարդ դոլար:

Էներգակիրների գների կտրուկ աճից ֆինանսական ազդեցությունը տնտեսության վրա սաստկացավ կորուստներով լիրայի համար։ Անցյալ տարի արժույթը դոլարի նկատմամբ նվազել էր 44 տոկոսով, իսկ 2022-ին՝ եւս 10 տոկոսով:

Ըստ Reuters-ի կողմից երկուշաբթի հրապարակված հարցման՝ սպասվում է, որ մարտին Թուրքիայում սպառողական գների գնաճը կարագանա մինչեւ ավելի քան 60 տոկոս:

Ուրբաթ թուրքական լիրան վաճառվում էր աննշան փոփոխություններով՝ մեկ դոլարի դիմաց 14.68-ի մակարդակում։ Անցյալ տարվա ապրիլի սկզբին մեկ դոլարն արժեր 8.25 լիրա։news.am