Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր՝ ապրիլի 4-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ արդեն 20 հազար թափուր աշխատատեղ է գրանցվել։
Ըստ վարչապետի՝ սոցիալապես անապահով ընտանիքներից ավելի քան 15 հազար դիմում է ներկայացվել, իսկ 3 հազարն արդեն ստորագրել է համապատասխան աշխատանքային պայմանագիրը։
«Պետք է օբյեկտիվորեն նշել, որ ծրագրի մեկնարկից հետո երեք շաբաթվա ընթացքում նման արդյունքը վկայում է այս ծրագրի նկատմամբ շատ մեծ հետաքրքրության մասին։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում մեր քաղաքացիներին ներգրավվել այս ծրագրում, որքան հնարավոր է շատ սոցիալապես անապահով քաղաքացիներ պետք է միանան այս ծրագրին, որպեսզի ավելի շատ եկամուտ ստանան և մասնակցեն մեր երկրի տնտեսության կառուցմանը, բազմաթիվ ծրագրերի, որոնք կիրականացնենք»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նշենք, որ սոցիալապես անապահովների աշխատանքի տեղավորման ծրագիրը մեկնարկել է մարտի 1-ից։
Խոսելով ծրագրի մեկնարկի մասին՝ Իրակլի Ղարիբաշվիլին ասել էր, որ թիրախային խմբերի համար կստեղծվեն իրենց համապատասխան հասարակական աշխատանքներ։
Ղարիբաշվիլին հայտարարել էր նաև, որ Վրաստանում սոցիալապես անապահով 600 հազար քաղաքացիներից ավելի քան 200 հազարը աշխատունակ է: Վարչապետը հավելել էր, որ սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին կառաջարկվի այնպիսի աշխատանք, որի դիմաց վերջիններս ամսական 300 և ավել լարի աշխատավարձ կստանան։ aliq.ge