Վրաստանին մեղադրել են պատժամիջոցային ապրանքներ տեղափոխելու մեջ

Վրաստանին մեղադրել են պատժամիջոցային ապրանքներ տեղափոխելու մեջ

Վրաստանի ֆինանսների նախարարությունը անհեթեթ է որակում ուկրաինական կողմի հայտարարությունը, ըստ որի Ռուսաստանը նախատեսում է Վրաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով ապրանքներ տեղափոխել։

«Ֆինանսների նախարարությունը արձագանքում է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի հայտարարություններին, թե Վրաստանի քաղաքական ղեկավարությունը պայմանավորվել է Ռուսաստանի հետ Վրաստանի տարածքով մաքսանենգ ճանապարհով ապրանքներ տեղափոխելու մասին և հայտարարում է, որ դա լիովին անհիմն և անհեթեթ մեղադրանք է։

Միջազգային հանրության կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների կիրառման առաջին իսկ օրերից Վրաստանը խիստ հսկողություն է իրականացնում երկրի բոլոր մաքսակետերի նկատմամբ և վերահսկում է մուտքային և ելքային բեռները։

Վրաստանի ֆինանսների նախարարությունը ողջ պատասխանատվությամբ հայտարարում է, որ ցանկացած տեսակի ապրանք՝ ինչպես ռազմական, այնպես էլ երկակի նշանակության, ինչպես նաև բոլոր այն ապրանքները, որոնք ներառված են պատժամիջոցների ցանկում, ենթակա են խիստ մաքսային հսկողության Վրաստանի կառավարության կողմից։

Նշենք, որ այս մասին մանրամասն տեղեկացված են մեր բոլոր միջազգային գործընկերները։ «Վրաստանը կշարունակի խիստ վերահսկողություն իրականացնել այս ոլորտում և տեղեկատվություն փոխանակել գործընկերների հետ»,– նշել են նախարարությունից։

Նշենք, որ ապրիլի 4-ին, Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ ռուսները ծրագրում են մաքսանենգ ապրանքները տեղափոխել Վրաստանի տարածքով՝ երկրի քաղաքական ղեկավարության համաձայնությամբ։