Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը (ԿՏԱԿ) մեկնարկում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա, այդ թվում՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության տվյալների բազայի թվային կառավարման համակարգի ստեղծման աշխատանքները։
«Ալիք մեդիայի» փոխանցմամբ, ծրագիրն իրականացվում է ԿՏԱԿ-ի և «Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» միջև կնքված նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը «Սահակյան Բաղրամյան» հիմնադրամի տնօրեն Տիգրան Սահակյանին ներկայացրել է կայքի հիմնական առավելությունները․
«Կայքում կտեղադրվի Հայաստանի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների մասին ամբողջական տեղեկատվություն, կառաջարկվեն մասնագիտություններ, պահանջվող փաստաթղթեր, պարտադիր քննություններ, անհրաժեշտ հմտություններ։ Կայքի միջոցով հնարավոր կլինի ոչ միայն գտնել դիմորդի հետաքրքրություններին համապատասխան համալսարանական ծրագրեր, այլև առցանց հայտ ներկայացնել այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար։
Սա ոչ միայն կխնայի դիմորդների ժամանակը, այլ նաև ֆինանսական միջոցները, քանի որ դիմորդը քննություններից մի քանի ամիս առաջ ժամանելու և թղթաբանությունը ներկայացնելու կարիք չի ունենա»։
«Սահակյան Բաղրամյան հիմնադրամի» տնօրեն Տիգրան Սահակյանը հույս է հայտնել, որ կայքի գործարկումից հետո Հայաստանի կրթական համակարգն առավել մեծ ճանաչելիություն ձեռք կբերի աշխարհում, և առաջարկվող մասնագիտություններն ավելի հայտնի կդառնան օտարերկրյա դիմորդներին։
Կայքի ամբողջական գործարկումը նախատեսվում է մինչև տարեվերջ։aliq.ge