Վրացական ընկերությունները այլընտրանքային հնարավորություններ են փնտրում արևածաղկի ձեթի ձեռքբերման համար: Վրաստանի ավանդական գործընկերներն այս ոլորտում Ուկրաինան և Ռուսաստանն էին, սակայն այժմ պատերազմի և պատժամիջոցների պատճառով գրեթե անհնար է դարձել այդ երկրներից արտադրանք ստանալը։ Այդ մասին գրում է bizzone.info-ն։
«Չիրինա» ներկրող ընկերության տնօրեն Ռևազ Վաշակիձեի խոսքով, Բուլղարիան համարվում է հիմնական այլընտրանքը, սակայն այս երկրի արտադրանքն ավելի թանկ է: Բուլղարիայից ներկրելու դեպքում Վրաստանում արևածաղկի ձեթը կթանկանա առնվազն 2 անգամ։
Նրա խոսքով, այստեղ խոսքը ոչ միայն բուն ձեթի ինքնարժեքի մեջ է, որն ավելի թանկ է, քան ուկրաինականն ու ռուսականը, այլեւ տրանսպորտավորման ծախսերի, որոնք զգալիորեն կմեծանան։
«Շատ բարդ իրավիճակ է: Եվրոպայում արևածաղկի ձեթն արժե 2700 դոլար մեկ տոննայի դիմաց, սա այն դեպքում, երբ մինչ պատերազմը դա արժեր 1500 ԱՄՆ դոլար: Դեֆիցիտ չկա, առաջին հայացքից ամեն ինչ կայուն է, բայց ռիսկերն աճել են՝ Ռուսաստանը ներդրում է արտահանման քվոտաներ, և պարզ չէ՝ կկարողանանք արդյո՞ք մենք ձեռք բերել այդ մթերքը: Ուկրաինայում պատերազմ է, և մուտքը դեպի այդ երկիր փակ է, ամեն ինչ դադարեցված է, նավահանգիստները չեն գործում։ Այժմ ամենաիրատեսական տարբերակը Բուլղարիան է, բայց այնտեղ արևածաղկի ձեթն արժե առնվազն 2700 դոլար մեկ տոննայի դիմաց, և հաշվի առնելով տրանսպորտավորման ծախսերի ավելացումը, Վրաստանում գները կարող են աճել 100%-ով։ Իրավիճակը բարդ է, համաշխարհային շուկայում մեծ անորոշություն է տիրում, Եվրոպայում արդեն դեֆիցիտ է նկատվում»,- հայտարարել է Ռամազ Վաշակիձեն։