Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Ապրիլի 7-ին Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում նշվեց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը՝ որպես մայրության և գեղեցկության օր։
Ավետարանների համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաքը Մարիամ անունով մի աղջկա մոտ, և հաղորդել, որ ինքը պիտի լինի մայրն այն Փրկչի, ում սպասում էր ողջ ժողովուրդը. «Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»,- Մանկան մասին ասել է հրեշտակապետը:
Այս ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, սակայն նա լուրն ընդունել է խոնարհությամբ. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»,- ասել է: Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:
Մայրության տոնի խորհուրդը
Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Եվ ինչպես Աստվածածինն ավելի մոտ է դարձել Աստծուն, այդպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:
Մարդկության համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և երկրի կարևորագույն քաղաքը կոչում ենք մայրաքաղաք: Երեխաներն իրենց առավել հանգիստ ու ապահով են զգում իր մայրիկների գրկում, մարդիկ էլ՝ իրենց Մայր հայրենիքում: Մայր լեզուն է, որ զորացնում է մարդու միտքն ու բանականությունը:
Հայկական բոլոր եկեղեցիներում այս օրը կատարվում է մայրերի օրհնության ծես։
Եկեղեցու Տեր Արմաշ քահանա Պողոսյանը շնորհավորեց բոլոր մայրերին Մայրության տոնի առթիվ, ծաղիկներ նվիրեց և մաղթեց առողջություն, բարեկեցություն, սեր և երջանկություն։ Դրանից հետո ներկա կանանց ծաղիկներ են նվիրեցին։