Նինոծմինդայի մունիցիպալիտետում ավարտվում է կարտոֆիլի վաճառքի գարնանային սեզոնը։ Մարդիկ մտածում են՝ կարո՞ղ են արդյոք վաճառել մնացած կարտոֆիլը և որքան կարող են ցանել այս տարի։
Գյուղացիների մեծ մասն աշնանը չի վաճառում իր ամբողջ բերքը, կեսը խնայում է գարնան համար՝ հույս ունենալով ավելի թանկ վաճառել։
Այս պահին կարտոֆիլի պահանջարկի հետ կապված խնդիրներ չկան, բայց գինը կարտոֆիլագործներին չի գոհացնում, քանի որ պարարտանյութի, վառելիքի գները կտրուկ թանկացել են։
Նինոծմինդա քաղաքի բնակիչ Հայկի խոսքով, ով 15 տարուց ավելի կարտոֆիլ է աճեցնում, գնորդները գալիս են, բայց գինը իրեն չի գոհացնում. Կախված կարտոֆիլի որակից՝ գինը տարբեր է, լավագույն կարտոֆիլն արժե 1 լարի։ «Այսօր մոտ 40 տոննա վաճառքի ունեմ, սպասում եմ 10 թեթրիով էլ թանկանա»-նշեց նա։
Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ՝ ազոտական պարարտանյութի և վառելիքի գինը գրեթե կրկնապատկվել է։ Վրաստանում արտադրվող և մոտ 45 լարի արժողությամբ ազոտը գրեթե կրկնապատկվել է և արժե մոտ 75 լարի։ Ներմուծված ազոտն անցյալ տարի արժեր 80 լարի, այժմ՝ մոտ 150 լարի է։
Ֆերմերի խոսքով, թանկացումների պատճառով այս տարի ավելի քիչ կարտոֆիլ է աճեցնելու, քան նախորդ տարիներին։ Պետք է որ պետությունը պարարտանյութի և վառելիքի գները սուբսիդավորի ։
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովի խոսքով, այս տարի պարենային ճգնաժամն անխուսափելի է։ Մացուկատովը բոլորին կոչ է անում հնարավորինս շատ հող մշակել.
«Սպասվում է պարենի պակաս, ուստի պետք է հնարավորինս շատ կարտոֆիլ հացահատիկ ցանել, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան գյուղատնտեսության ոլորտում ամենամեծ խաղացողներն էին, իսկ այս տարի պատերազմ է։ Մի քանի օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույնպես ասել էր, որ սննդամթերքի պակաս կարող է լինել։ Չնայած այն հանգամանքին, որ պարարտանյութի կամ դիզվառելիքի գները բարձր են, Ջավախքի բնակիչները պետք է հնարավորինս ցանեն և՛ կարտոֆիլ, և՛ հացահատիկ։ Պահանջարկը կլինի նույնքան բարձր, որքան նախորդ տարի։ Հիմա վերավաճառողները շատ են, բայց մեր ֆերմերները չգիտես ինչու սպասում են թանկացման։ Բայց կարող եմ ասել, որ ֆերմերները չպետք է ագահ լինեն և սպասեն բարձր գների, հիմա կարտոֆիլը գնում են 1 լարիից մինչև 1,20 լարի, և սա շատ լավ գին է։