Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Նյու Յորքում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
Վրաստանի կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման գլխավոր թեմաները եղել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը և Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման ուղին:
Շտայնմայերը հայտարարել է, որ Վրաստանը «Արևելյան գործընկերության» առաջատար երկրներից է, որը հաջողությամբ կատարել է բոլոր չափանիշները, որոնք նախատեսված էին վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրով:
Քննարկվել է նաև հոկտեմբերին Վրաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հարցը: Կվիրիկաշվիլին ընդգծել է, որ իրենք ցանկանում են անցկացնել ազատ ու թափանցիկ ընտրություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափորոշիչներին:
Կվիրիկաշվիլին պատրաստակամություն է հայտնել առավելագույնս աջակցել Վրաստանում գերմանական ներդրումների իրականացմանը: