Ախալքալաքի պատգամավորները պարարտանյութերի համար պետական սուբսիդավորում են ցանկանում

Ախալքալաքի պատգամավորները պարարտանյութերի համար պետական սուբսիդավորում են ցանկանում

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները մտադիր են դիմել Վրաստանի կառավարությանն ու խորհրդարանին և օգնություն խնդրել կարտոֆիլի աճեցման համար պարարտանյութ գնելու հարցում։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Շիրվան Շիրինյանը։

Ապրիլի 8-ին, տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի գույքի և բնական պաշարների կառավարման հանձնաժողովի նիստը։ Շիրվան Շիրինյանն առաջարկեց դիմել կառավարությանն ու խորհրդարանին, հնարավորության դեպքում սուբսիդավորել պարարտանյութը, որը կրկնապատիկ անգամ թանկացել է։

Պատգամավորները քննարկման էին հրավիրել Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության գյուղական զարգացման և գյուղատնտեսության գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեին և Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովին։

Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ասաց, որ Շիրվան Շիրինյանը, հարցը համարելով հույժ կարևոր, առաջարկել է Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանին նույնպես մասնակցել նիստին։ Սամվել Մանուկյանը, Իրիցյանի խոսքով, չի կարողացել մասնակցել, բայց նա տեղյակ է խնդրի մասին և խոստացել է զբաղվել այս հարցով։

Պատգամավորներն ու հյուրերը համակարծիք էին, որ պարարտանյութի թանկացումը մեծապես կազդի կարտոֆիլագործների վրա։

Ըստ Գյուղական և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, ախալքալաքցի ֆերմերները գյուղատնտեսության նոր նախարարի հետ քննարկել են պարարտանյութի գների բարձրացման խնդիրը, բայց նախարարն ասել է, որ պարարտանյութերի արտադրությունը մասնավոր է, և իրենք ոչնչով չեն կարող օգնել։

Թեժ քննարկումից հետո պատգամավորները որոշեցին երկուշաբթի նամակ պատրաստել և ուղարկել կառավարությանը, 1 հա 25 հար հողատարածք ունեցող բոլոր գյուղացիներին պարարտանյութի հարցում օգնելու խնդրանքով, որպեսզի նրանք սկսեն գարնանային գյուղատնտեսական աշխատանքները։jnews.ge