Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել 398 ռուսաստանցիների և 28 կազմակերպությունների դեմ

Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել 398 ռուսաստանցիների և 28 կազմակերպությունների դեմ

Ճապոնիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից 398 անհատների և 28 կազմակերպությունների նկատմամբ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Խոսքը պաշտոնյաների ու զինվորականների ունեցվածքի սառեցման, մի շարք բանկերում գործարքների արգելքի, ներմուծման սահմանափակման մասին է։

Հակառուսական սահմանափակումների նոր փաթեթի մասին ապրիլի 8-ին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Նրա խոսքով՝ ռուս քաղաքական գործիչները, այդ թվում՝ Պետդումայի պատգամավորները, առանձին զինվորականներ կենթարկվեն սահմանափակումների։ Այն կազմակերպությունները, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, ինչպես պարզաբանել է վարչապետը, կապված են նաև ռազմական ոլորտի հետ։

Մարտի 25-ին պաշտոնական Տոկիոն ընդլայնել է Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Սահմանափակումների նոր՝ երրորդ անընդմեջ փաթեթը ներառել է 25 ռուսաստանցի և 81 կազմակերպություն, արգելվել է նաև շքեղության ապրանքների արտահանումը երկիր։

Առաջին փաթեթն ընդունվել է մարտի 15-ին։ Դրանում ընդգրկված էին 17 ֆիզիկական անձինք Ռուսաստանից, այդ թվում՝ Պետդումայի 11 պատգամավոր։ Մարտի 18-ին Ճապոնիան պատժամիջոցների երկրորդ փուլը սահմանեց Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչի արդյունքում 15 ֆիզիկական անձ և ինը ընկերություն հայտնվել էին սահմանափակումների տակ։