Թուրքմենստանի Բայրամալի քաղաքում իրավապահներն այցելում են գեղեցկության սրահներ և հայտնում կանանց և աղջիկներին որոշակի կոսմետիկ ծառայությունների մատուցման արգելքի մասին, հայտնում է inbusiness.kz-ը։
«Նրանք զգուշացնում են, որ արգելք է դրվել այնպիսի ծառայությունների մատուցման վրա, ինչպիսիք են բոտոքսի ներարկումները, թարթիչների երկարացումը, շուրթերի մեծացումը և կեղծ եղունգների օգտագործումը»,- զրույցում ասել է գեղեցկության սրահներից մեկի աշխատակիցը։
Գեղեցկության սրահների վարպետներն ասալ են, որ իրավապահները չեն ներկայացնում արգելքի ներդրումը հաստատող փաստաթուղթ և չեն բացատրում պատճառները։ Բայց նրանք զգուշացնում են, որ վերոնշյալ ծառայություններից օգտվող կանանց կարող են կալանավորել և տուգանել 300-500 մանաթով՝ «իրենց մարմնի վրա օտար առարկաներ օգտագործելու համար»։
«Այդ ծառայությունները մատուցած վարպետները կտուգանվեն 500-1000 մանաթով կամ կալանքի կուղարկվեն 15 օրով»,- իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքերը մեջբերել է գեղեցկության սրահի աշխատակիցը։
Հրատարակությունը նշում է, որ երկար տարիներ Թուրքմենստանում կանանց արգելել են օգտվել գեղեցկության սրահների որոշ ծառայություններից։ Եվ այդ արգելքները սովորաբար խստացվում են, երբ կառավարությունում փոխվում է բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես՝ ՆԳ նախարարը։ 2021 թվականի հուլիսին Լեբապ վելայաթի ոստիկանությունը կանանց բերման է ենթարկել ջինսեր, կարճ և կիպ զգեստներ կրելու և մազերը գունաթափելու համար։ Հետո ենթադրություններ եղան, որ կանանց արտաքին տեսքի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը կարող է լինել ՆԳՆ նոր ղեկավարի նախաձեռնությունը։ Բայրամլիում կոսմետիկ ծառայությունների մատուցման արգելքի պատմությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքմենստանում հերթական անգամ փոխվել է ՆԳՆ ղեկավարը։ Արգելքները սովորաբար սահմանվում են բանավոր հրամանի հիման վրա՝ «թուրքմենների պատմամշակութային ավանդույթները հարգելու և ազգային արմատները չկորցնելու» անհրաժեշտության պատճառաբանմամբ։