Վարչապետը՝ ԵՄ հարցաթերթիկի արագ և արդյունավետ լրացման մասին

Վարչապետը՝ ԵՄ հարցաթերթիկի արագ և արդյունավետ լրացման մասին

Վրաստանի ԵՄ ինտեգրման կառավարական հանձնաժողովի 62-րդ նիստում, որը վարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, քննարկվել է ապրիլի 11-ին Եվրահանձնաժողովի կողմից Վրաստանին ներկայացված հարցաթերթիկը լրացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները։

Ղարիբաշվիլին կարևորել է բոլոր գերատեսչությունների առավելագույն համակարգումը և ակտիվ ներգրավվածությունը՝ ապահովելու հարցաշարի լրացման գործընթացի արդյունավետ, հնարավորինս կարճ ժամանակում իրականացումը։

«Մարտի 3-ին մենք ԵՄ անդամակցության հայտ ներկայացրինք՝ այդպիսով Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները նոր մակարդակի հասցնելով։ Իհարկե, այս որոշումը մեզ վրա մեծ պատասխանատվություն է դնում՝ ակտիվացնել մեր ջանքերը ԵՄ անդամակցության ճանապարհին»,- ասել է վարչապետը։

Նշենք, որ վրացական կողմը հարցաշարը լրացնելուց հետո կհանձնի եվրոպացի գործընկերներին, իսկ Եվրահանձնաժողովն իր եզրակացությունը կներկայացնի հունիսի վերջին։

Հարցաթերթիկի արագ և արդյունավետ լրացման գործընթացը, որը կիրականացվի աշխատանքային խմբերի ձևաչափով՝ բոլոր գերատեսչությունների ներգրավմամբ, կվերահսկվի վարչապետի կողմից։

Ընդգծենք, որ ինչպես հայտնի է, հարցաթերթիկը փոխանցվել է Ասոցացված եռյակի բոլոր երեք երկրներին՝ Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային, գործընթացը կշարունակվի այս ձևաչափով։aliq.ge