
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Սենակի ռազմաբազայում զինծառայողի մահվան հետ։
Նախարարությունից հայտնում են, որ առաջին կարգի զինծառայողն ինքնասպանություն է գործել սեփական ավտոմատ հրազենով, ինչն արձանագրել է դեպքի վայրում տեղադրված տեսահսկման տեսախցիկը։
«Սենակի 2-րդ հետևակային բրիգադի տարածքում առաջին կարգի զինծառայող Ջոնի Ջաբայի Ախալայան ինքնասպանություն է գործել սեփական ավտոմատ հրազենով, որը տեսանկարահանել է նաև դեպքի վայրում տեղադրված տեսահսկման տեսախցիկը։ Տեսախցիկների ձայնագրությունները ցույց են տալիս նաև, որ ողբերգական դեպքի պահին դեպքի վայրում եղել է միայն նշված անձը։
Անմիջապես հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով։ Պաշտպանության նախարարությունը իր վիշտն է հայտնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքին»,- ասված է հաղորդագրությունում։