Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի մարդասիրական ռեժիմի հնարավոր հայտարարումը հորիզոնում չի երևում, բայց դա կարող է լինել մի քանի շաբաթից,- այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։ Ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցում, Մարտին Գրիֆիթսը խոսել է իր ջանքերի մասին՝ համաձայնության հասնել տեղական զինադադարի վերաբերյալ՝ խաղաղ բնակչությանը մարտական գոտիներից տարհանելու համար: Գրիֆիթսը այս ամիս հանդիպել է Մոսկվայում և Կիևում՝ քննարկելու այդ հարցը: Նա ասաց, որ տեղական մակարդակով Ռուսաստանի ներկայացուցիչների օրակարգում դեռևս չկա զինադադար։
Ինչպես նշել է ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության ղեկավարը, զինադադարի հնարավոր հայտարարումը կախված կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցություններից։
«Հրադադարի մասին համաձայնագրերը հիմա հորիզոնում չեն, բայց դրանք կարող են լինել առաջիկա շաբաթների ընթացքում: Դա կախված կլինի երկու հարցից՝ իհարկե, պատերազմից և բանակցություններից, քանի որ ես բացարձակապես համոզված եմ, որ դա տեղի կունենա միայն վստահության նվազագույն մակարդակի հիման վրա, որը կարող է դուրս գալ այս բանակցություններից», – ասել է Գրիֆիթսը:
Մարդասիրական առաքելության ղեկավարը նշել է նաև, որ առաջիկա օրերին ՄԱԿ-ը նախատեսում է մարդասիրական ավտոշարասյուն ուղարկել Դոնեցկի մարզ, այնտեղից էլ՝ Լուգանսկ։ Այնուամենայնիվ, Գրիֆիթսը ծրագրում է այս շաբաթ ժամանել Թուրքիա՝ նախագահ Էրդողանի հետ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հումանիտար բանակցությունների հեռանկարը:1tv.ge