Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է Դոնբասի համար պայքարը, որը երկար ժամանակ պատրաստվում էր։ Ուկրաինայի ղեկավարի կոչը հրապարակվել է Telegram ալիքում։
Զելենսկին ընդգծել է, որ ուկրաինացիները կպաշտպանվեն և կպայքարեն։
«Մենք ուկրաինական ոչ մի բանից չենք հրաժարվի և ուրիշի կարիքը չունենք: Եվ ես երախտապարտ եմ մեր բոլոր մարտիկներին, մեր բոլոր հերոս քաղաքներին, ովքեր դիմանում են՝ պաշտպանելով ողջ պետության ճակատագիրը»,- հայտարարել է նախագահը։
Ապրիլի 18-ի երեկոյան Դոնբասի պատերազմական գոտում իրավիճակը սրվել է։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը (ԼԺՀ) սկսել է լայնածավալ հրետանային նախապատրաստություն Ուկրաինայի Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Ինտենսիվ կրակոցներ են իրականացվել հաուբիցներից։