Զգուշացեք. Սոցցանցերում խարդախները գումար են շորթում ախալքալաքցիներից

Զգուշացեք. Սոցցանցերում խարդախները գումար են շորթում ախալքալաքցիներից

Ախալքալաքի բնակչուհի Անի Գրիգորյանը կապ է հաստատել Jnews-ի գրասենյակի հետ, ըստ նրա՝ «Odnoklassniki» և «Facebook» սոցիալական ցանցերում իր անունով և լուսանկարներով բացվել են անձնական հաշիվներ, որոնց միջոցով իր անունից վերջինիս ընկերներից և անծանոթ մարկանցից գումար են շորթում։

Նրա պնդմամբ՝ 3 հոգի արդեն բավականին խոշոր գումարներ են ուղարկել խարդախներին։

«Սկզբում իմ անունով ֆեյսբուքյան էջ էր բացվել, և այնտեղ իմ մի քանի լուսանկարներն էին հայտնվել: Նրանք ինձ ծանոթ ու անծանոթ մարդկանց գրում էին, որ իբր ես մնացել եմ օդանավակայանում և ինձ որոշակի գումար է պետք։ Ես չգիտեի այդ մասին, բայց մարտի 8-ից ինձ կանգնեցնում են և ասում, որ իբր իրենցից գումար եմ խնդրել, և նրանք ուղարկել են ինձ։ Այդ մասին ինձ պատմեցին նաև ընկերներս։ Ես ստուգեցի և խնդրեցի ընկերներիս բողոքարկել, և այդպես կեղծ աքաունթներից մեկը փակվեց «Facebook»-ում, բայց «Odnoklassniki»-ում էջերը ջնջվում և վերստեղծվում են»:

Անին ու նրա մայրն ասում են, որ արդեն դիմել են Վրաստանի ոստիկանությանը, սակայն այնտեղ նրանց ասել են, որ ոչ մի կերպ չեն կարող օգնել, քանի որ և՛ հաշիվը, և՛ Սբերբանկի քարտը, որտեղ խարդախության զոհն ուղարկել է գումարը, բացվել են Ռուսաստանում։

Անիի խոսքով՝ ինքը կռահում է, թե ով կարող է լինել այս խարդախը, բայց չի կարող վստահ լինել իր կանխագուշակումների մեջ։ Նա կոչ է անում բոլորին չտրվել համացանցային խաբեբաների մանիպուլյացիաներին։

«Պարզապես մի բան է ինձ զարմացնում, իսկապե՞ս մարդիկ իրենք իրենց հարց չեն տալիս, որ հարկավոր է կրկին անգամ ստուգել, որ պետք չէ այդքան արագ գումար ուղարկել անծանոթներին, իսկ եթե ծանոթ է, գոնե զանգահարել ու վերստուգել»,- ասում է Անին։

Վերջինիս խոսքով՝ Սբերբանկի քարտը, որին իր ընկերները գումար են ուղարկել, գրանցված է Մարուսյա Հակոբյանի անունով։

Ախալքալաքում սոցիալական ցանցերի օգնությամբ հանցագործությունների բազմաթիվ դեպքերը շատ-շատ են՝ սկսած կեղծ հաշիվների ստեղծումից ընդհուպ շանտաժը։ Մարդիկ, ովքեր գնում են դրան, չեն գիտակցում, որ կիբերհանցագործությունները Վրաստանում նույնքան պատժելի են, որքան և մյուս հանցագործությունները: jnews.ge