Ջավախեթիի բնակիչները վարորդական իրավունքի քննության երկրորդ փուլը կանցնեն Ախալցիխեյում

Ջավախեթիի բնակիչները վարորդական իրավունքի  քննության երկրորդ փուլը կանցնեն Ախալցիխեյում

Վրաստանում ապրիլի 25-ից վարորդական իրավունքի գործնական քննությունը պարտադիր կդառնա B և BE կատեգորիաների համար իրական երթևեկությամբ, համապատասխան տարածքներն արդեն պատրաստ են:

Համաձայն ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ վարորդը պետք է մոտ 17 կմ ճանապարհ անցնի 25 րոպեում՝ պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները։

Քաղաքացին մինչ այդ պետք է հանձնած լինի քննությունը փակ դաշտում, իսկ բնական պայմաններում քննությունը հանձնելու համար նրան կտրվի 365 օր ժամանակ: Ժամանակը լրանալուց հետո քաղաքացին ստիպված կլինի նորից հանձնել տեսական և գործնական քննությունները:

Վրաստանի 9 քաղաքներում, որտեղ կանցկացվեն վարորդական իրավունքի քննություններ, արդեն պատրաստվել են ճանապարհահատվածներ, որտեղ վարորդի թեկնածուն պետք է անցնի գործնական քննության երկրորդ փուլը։ Սամցխե-Ջավախեթիի բնակիչները կանցնեն քննությունը Ախալցիխե քաղաքում:

Բոլոր այլ կարգի տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք ձեռք բերել ցանկացողների համար գործնական քննությունը քաղաքային պայմաններում հանձնելը պարտադիր կդառնա նոյեմբերի 7-ից:

Նշենք, որ իրական պայմաններում վարորդական իրավունքի քննություն հանձնելը վճարովի կլինի: Վճարը կկազմի 90 լարի (մոտ 29 դոլար)։ aliq.ge