Վրաստանն ու Թուրքիան կակտիվացնեն համագործակցությունը մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ. Այս մասին Սարփի անցակետում Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռիզա Թունա Թուրագայի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավան։
«Մեր մաքսային վարչությունների նպատակն է էլ ավելի ակտիվացնել համագործակցությունը՝ հիմնված տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման վրա, ինչն իր հերթին էապես կպարզեցնի և կարագացնի մաքսային ձևակերպումները։ Մենք պատրաստ ենք ամեն օր աշխատել, որպեսզի միջազգային փոխադրումները կատարվեն անխոչընդոտ», – ասել է Կակավան։
Նրա խոսքով, բեռնաշրջանառության ավելացման արդյունավետ կառավարումը օգուտ կբերի երկու երկրների քաղաքացիներին և բիզնես ոլորտին։
Այցի ընթացքում Կակավան և Թուրագայը շրջել են երկու երկրների մաքսակետերում և տեղում ծանոթացել մաքսազերծման ընթացակարգերին։
Թուրքիան Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերն է։ Երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին կազմել է մոտ 2,1 մլրդ դոլար, ինչը կազմում է Վրաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 15%-ը։ Ինչ վերաբերում է 2022 թվականի սկզբից ի վեր առաջին երեք ամիսներին, ապա երկրների միջև առևտուրը կազմել է 562,4 մլն դոլար, ինչը կազմում է Վրաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 14,6%-ը։