Վրաստանի առաջին դեմքերը շնորհավորել են համաքաղաքացիներին և բոլոր ուղղափառ քրիստոնյաներին, ովքեր այսօր նշում են Սուրբ Զատիկը Քրիստոսի Պայծառ Հարության կապակցությամբ։
Կառավարության անդամները, խորհրդարանականները և նախագահը ներկա են գտնվել Զատկի գլխավոր պատարագին, որն ավանդաբար տեղի է ունենում Թբիլիսիի Սուրբ Երրորդություն (Սամեբա) տաճարում։ Այն վարել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով տիկնոջ հետ Սամեբա էր եկել, Սուրբ Զատիկին խաղաղություն է մաղթել բնակչությանը։
«Քրիստոս հարություն առավ. Ուզում եմ շնորհավորել բոլոր քրիստոնյաներին այսօրվա տոնի կապակցությամբ։ Ես ուզում եմ մեր ժողովրդին մաղթել կայունություն։ Այսօրը կապված է հույսի, նորոգության և մեր հավատի հետ, հավատ ավելի լավ ապագայի, վաղվա օրվա հանդեպ։
Շնորհավորում եմ բոլորին և ցանկանում եմ, որ վաղը լինի խաղաղ, բերելով ամենայն բարիք»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա նաև բարձր է գնահատել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի նամակը, որը նվիրված էր ուկրաինական պատերազմին, որը կարդացվել է Սամեբայի պատարագում։ Վարչապետն ասել է, որ ուղերձը համարում է «հետաքրքիր, խորը և իմաստուն»։
Խաղաղություն բոլոր նրանց, ովքեր այսօր նշում են Սուրբ Զատիկը, այսպես է սկսել իր շնորհավորանքը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Շնորհավորում եմ բոլորին, ովքեր նշում են այս օրը, շնորհավորում եմ մեր աբխազ և օս եղբայրներին, ովքեր նշում են այս օրը, շնորհավորում եմ նաև ողջ ուղղափառ աշխարհին և հատկապես ցանկանում եմ շնորհավորել ուկրաինացի ժողովրդին Սուրբ Զատիկի փառավոր տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն»,֊ ասել է նա։
Մեկնաբանելով Իլյա 2-րդի ուղերձը՝ խորհրդարանի նախագահը նշել է, որ կարևոր է համարում, որ «այսօր և այս Զատիկին բոլորս պետք է հատկապես մտածենք ուկրաինացի ժողովրդի մասին»։
«Եկեք մտածենք, որ որքան հնարավոր է շուտ խաղաղություն տիրի ուկրաինական հողի վրա»,- հավելել է նա։
Այս տարի Քրիստոսի Հարության պայծառ տոնը նշվում է ապրիլի 24-ին։ Հազարավոր մարդիկ ամբողջ երկրում հավաքվել էին գիշերը տաճարների մոտ: Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ Վրաստանում Զատկի տոնին գրեթե սահմանափակումներ չկան. միայն փակ տարածքներում դիմակ կրելը մնում է պարտադիր։