Էրդողանը ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել

Էրդողանը ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին: Այն հրապարակվել է նախագահականի պաշտոնական կայքում: Հայտնում է ermenihaber.am -ը։

Նա մասնավորապես նշել է. «Եվս մեկ անգամ հարգանքով եմ հիշում զոհված օսմանցի հայերին և իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին։ Մարդկության պարտքն է կիսել այս ընդհանուր ցավը՝ առանց խտրականության»։

Ըստ Էրդողանի՝ երկու ժողովուրդների հազարամյա միասնությունը ոգեշնչման աղբյուր է: Նա համոզմունք է հայտնել, որ տառապանքը խորացնելու փոխարեն պետք է միասին կերտել ապագան՝ ոգեշնչված խորը արմատացած հազար տարվա վաղեմություն ունեցող համակեցությամբ:

Հիշյալ ուղերձում ակնհայտ է Հայոց ցեղասպանության իրողությունը կոծկելու և ընդամենը որպես ընդհանուր ողբերգություն ներկայացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության հերթական դրսևորումը։

Ուղերձի տեքստն ամբողջությամբ՝ ստորև

«Թուրքիայի հայերի պատրիարք, հարգելի Սահակ Մաշալյան,

իմ հարգելի քաղաքացիներ,

սրտանց և սիրով ողջունում եմ ձեզ։

Այսօր հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը:

Մահացած օսմանցի հայերին ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում եմ, իսկ նրանց ողջ մնացած հարազատներին՝ անկեղծ ցավակցություններս  հղում:

Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում դեպի հավերժություն գնացած օսմանցի քաղաքացիների համար ամենակարող Ալլահից հանգստություն եմ խնդրում:

Առաջին համաշխարհային պատերազմի հետ համընկած Օսմանյան կայսրության վերջին տարիները միլիոնավոր օսմանցի զավակների համար տառապանքներով լի ժամանակաշրջան է եղել:

Առանց կրոնական, էթնիկ, մշակութային տարանջատում անելու այս համատեղ ցավը հասկանալը և կիսելը մարդկության պարտքն է:

Հարյուրավոր տարիներ մենք միասին ենք եղել ուրախության և տխրության մեջ։ Եվ կարևոր է, որ անցյալի վերքերը միասին բուժենք ու մարդկային կապերն էլ ավելի ամրապնդենք:

Հավատում եմ, որ այս գիտակցումով տառապանքը խորացնելու փոխարեն անհրաժեշտ է 1000-ամյա խորը  միասնությունից ոգեշնչվելով ապագան միասին կառուցել:

Այսպես օրինակ մեր հարևան Հայաստանի հետ այս նպատակով դրական գործընթաց ենք սկսել:

Գիտեմ և շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են նաև մեր հայկական ծագումով քաղաքացիները, որոնք կողմ են 2 հարևան երկրների միջև սերտ համագործակցությանը:

Ակնկալում եմ, որ դուք էլ զորեղ աջակցություն կունենանք երկար տարիներ անց մեր տարածաշրջանում հանուն մնայուն խաղաղության և կայունության ի հայտ եկած այս պատմական հնարավորության գնահատմանը:

Ուզում եմ վստահ լինեք՝ մենք ամեն ջանք գործադրելու ենք, որ այս հողերում դարավոր միասնության ընթացքում մեր մշակութային ու հանրային կյանքում անջնջելի հետքեր թողած մեր հայ քաղաքացիները շարունակեն իրենց կյանքը հանգստության, ապահովության ու անվտանգության պայմաններում: 

Այս զգացումով և մտքերով կրկին հարգանքով հիշում եմ օսմանցի հայերին, որոնց կորցրեցինք 1-ին համաշխարհային պատերազմում, ողջունում և իմ հարգանքներն եմ հղում հիշատակի արարողությանը ներկա իմ բոլոր քաղաքացիներին»: