Բայդենը կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրը

Բայդենը կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրը

Սպիտակ տունն ապրիլի 24-ին հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ուղերձը, ուր ԱՄՆ նախագահը կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրը՝ շեշտելով՝ «պարտավորվում ենք խոսել եւ դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում»: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատագույն զանգվածային կոտորածներից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն հայերին, ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան ոչնչացման արշավի ընթացքում, եւ սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը։

Խորհելով Հայոց ցեղասպանության մասին՝ վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն մնալ ատելության քայքայիչ ազդեցության դեմ՝ իր բոլոր դրսեւորումներում։ Վերստին պարտավորվում ենք խոսել եւ դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում։ Միեւնույն ժամանակ, սգալով այն ամենի համար, ինչ կորցրեցինք Մեծ Եղեռնի ընթացքում, պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու եւ կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին։ Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության եւ անհանդուրժողականության չարիքներով չի նշանավորվում մեր ամենօրյա կյանքը, եւ որտեղ մարդիկ ամենուր ազատ են իրենց կյանքն ապրելու արժանապատիվ ու անվտանգ։

Սա նաեւ պահն է՝ խոսելու հայ ժողովրդի ուժի եւ տոկունության մասին։ Ցեղասպանությանը դիմանալուց հետո՝ հայ ժողովուրդը վճռական էր՝ կառուցելու իր համայնքն ու մշակույթը, շատ հաճախ արդեն նոր տանն ու երկրում, այդ թվում եւ՝ Միացյալ Նահանգներում։ Ամերիկահայերը Միացյալ Նահանգների կենսական մասն են։ Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու ավելի դինամիկ են դարձնում՝ անգամ շարունակելով իրենց հետ կրել իրենց նախնիների վերապրած ողբերգական հիշողությունը։ Մենք ճանաչում ենք նրանց ցավն ու հարգում նրանց պատմությունը։

Այսօր՝ 107 տարի անց, հայ ժողովուրդը շարունակում է հարգանքի տուրք մատուցել բոլոր այն հայերին, ովքեր կորսվեցին ցեղասպանության ժամանակ»։