Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։
Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Ախալցխայի հայության բազմահազարանոց թափորը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացավ Մարտա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար հուշակոթող։ Քաղաքում պահանջատեր ժողովուրդը ճանաչման կոչերով, պաստառներով եւ պետական դրոշներով մեկ անգամ եւս հիշեցրեց բոլորին, որ ոչինչ չի մոռացվել եւ մեր ժողովուրդը պահանջում է արդարություն եւ հատուցում։ Խաչքար-հուշակոթող հասնելուն պես տեղի ունեցավ եկեղեցական կարգ, որը կատարեցին Տեր Հակոբ աբեղա Սահակյանը եւ Ախալցխայի եւ հարակից գյուղերի հոգեւոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը։ Եկեղեցական կարգի ավարտին խոսքով հանդես եկավ Ախալցխայի հոգեւոր տեսուչ հայր Հակոբ Աբեղա Սահակյանը։ Հոգեւորականի ելույթին հետեւեցին ԱՀԵԿ-ի սաների ելույթները, որից հետո ցանկացողներ եւս հանդես եկան Ցեղասպանութիւնը դատապարտող ելույթներով։
Երիտասարդները երգեցին հայրենասիրական երգեր:
akaltskha.net