Ադրբեջանը հրաժարվում է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

Ադրբեջանը հրաժարվում է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

SOCAR-ը (Ադրբեջանի Պետնավթընկերություն) հերքել է ռուսական որոշ լրատվամիջոցների այն տեղեկությունը, թե իբր Ադրբեջանը Ռուսաստանի հետ ներկրվող գազի համար փոխադարձ հաշվարկներն իրականացնելու է ռուբլով։

«Լրատվամիջոցներում երկուշաբթի տեղեկություն շրջանառվեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը ռուբլով կվճարի Ռուսաստանից ներկրվող գազի դիմաց: Այս տեղեկությունը չի արտացոլում իրականությունը», – «Ինտերֆաքս»-ին հայտնել են SOCAR-ից:

Ներկայումս ռուսական գազի մատակարարումն Ադրբեջան իրականացվում է բնական գազի սեզոնային փոխանակման մասին համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել է 2021 թվականի հուլիսին «Ազերպայմանագիր» պետական ​​ընկերության և «Գազպրոմ»-ի միջև։

Պայմանագրի ժամկետը մինչեւ 2023 թվականն է։ Համաձայնագիրը նախատեսում է ամառային սեզոնին Ադրբեջանից Ռուսաստան գազի մատակարարում, իսկ ձմեռային սեզոնին՝ Ռուսաստանից Ադրբեջան գազի համանման ծավալներ։ Մատակարարումների ծավալը կախված կլինի ամռան ամիսներին Ադրբեջանում գազի արդյունահանման և սպառման մակարդակից։

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն ավելի վաղ հայտարարել էր, որ պայմանագիրը նախատեսում է օրական 0,5 մլն խորանարդ մետր գազի մատակարարում։

2021 թվականին «Ազերպայմանագիր» պետական ​​ընկերությունը սեզոնային գազի փոխանակման պայմանագրով ապահովել է 326,5 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարում Ռուսաստան։