Երևանում մահացել է Եգոր Համբարյանը: Նա մեծ ներդրում է ունեցել Հայ ավիացիայի զարգացման գործում։ Արժանացել տարբեր պարգևների և գերատեսչական մեդալների։ Եգոր Համբարյանը ծնունդով Ջավախքից էր: Այս մասին գրում է Jnews կայքը։
Եգոր (Եղիշե) Արտավազդի Համբարյանի ծննդավայրը Ջավախքն է։ Նրա մանկությունն անցել է լեռնային անտառների գրկում ծվարած Վալեում։ Դեռ պատանի տարիներին գերվել էր օդագնացության ռոմանտիզմով։ Նա սիրել է ավիացիայի թեման ու կապել իր ողջ կյանքը ռազմական թռչող սարքերի հետ։
Ավարտել է Ուֆայի ավիացիոն ինստիտուտը 1978 թվականին և սեփական նախաձեռնությամբ անցել աշխատանքի ավիաշինարարական գործարանում, զբաղեցրել տարբեր պաշտոններ, ընդհուպ մինչև ՍՈՒ-25 ինքնաթիռի հավաքման արտադրամասի ղեկավար։ Այնտեղից երկու տարով գործուղվել է Բուլղարիա՝ բուլղար գործընկերներին իրենց համար լիովին նոր այդ ՍՈՒ-25-ը տեխնիկապես յուրացնելու պատասխանատու աշխատանքը ստանձնելու։
1987-ից շարունակել է աշխատանքը Թբիլիսիի գործարանում, Արցախյան շարժման և առաջին պատերազմի սկզբում, սպարապետ Վազգեն Սարգսյանի կանչով թողել է Թբիլիսիում իր աշխատանքը ու լծվել հայոց օդուժի ստեղծման պատվաբեր գործին։
Եղել է հայկական ավիացիայի ակունքներում 1998 թ․-ից։
Բարձրակարգ ինժիներ էր, հմուտ օդաչու և նույնիսկ պարաշուտիստ։ Նա ներդրում է ունեցել ավիատեխնիկական ուսուցման, ինովացիոն և զարգացման ասպարեզում։ 2004 թ․-ին կազմակերպել և ղեկավարել է Սլովակիայի հանրապետությունից 10 միավոր մարտունակ ՍՈՒ-25-ինքնաթիռների ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ 2011 թվականից սկսած՝ 20 տարի ԶՈՒ ավիացիայի վարչությունում ծառայելուց հետո, անցել է արհեստազոր և մինչև կյանքի վերջ մնացել է հավատարիմ իր հայրենիքին, մասնագիտությանը, զինակիցներին։ Արժանացել է մի շարք բարձրաստիճան պարգևների ու գերատեսչական մեդալների։ Զինվորական կոչումը՝ ավիացիայի գնդապետ:
Հուլիսի 26-ին, Եգոր Համբարյանը կդառնար 66 տարեկան։