Վրաստանի ղեկավարության մեջ «պատերազմի մարդիկ» չկան. Ծուլուկիանի

Վրաստանի ղեկավարության մեջ «պատերազմի մարդիկ» չկան. Ծուլուկիանի

Վրաստանի ներկայիս իշխանությունները թույլ չեն տա պատերազմ երկրի տարածքում և կշարունակեն կայուն զարգացման ընթացքը, այսօր հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի նախարար Թեյա Ծուլուկիանին։

Այսպես է Վրաստանի կառավարության ներկայացուցիչը մեկնաբանել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի հայտարարությունը, որում նա պնդում է, որ ոչ Մոլդովայի ներկայիս ղեկավարությունը, ոչ էլ, առավել եւս, Վրաստանի ղեկավարությունը.չեն հանդիսանում «պատերազմի մարդիկ»:

Արեստովիչը պատասխանել է ռուս լրագրող՝ Մարկ Ֆեյգինի հարցին, թե կա՞ հեռանկար, որ ուկրաինական պատերազմի ֆոնին Վրաստանի և Մոլդովայի կառավարությունները կսկսեն վերադարձնել Աբխազիայի, Ցխինվալի շրջանի կամ Մերձդնեստրի տարածքները։

Արեստովիչի խոսքով՝ Մոլդովայի և Վրաստանի ղեկավարության համար պատերազմը սարսափ է, որին նրանք չեն ցանկանում առերեսվել։ Միաժամանակ նա դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք Միխայիլ Սահակաշվիլին կարող էր ռազմական գործողություններ սկսել, եթե այժմ լիներ Վրաստանի ղեկավարության մեջ։

«Ես՝ որպես այս կառավարության անդամ, հաստատում եմ, որ այսօր այս կառավարությունում «պատերազմի մարդիկ» չկան։ Մենք խաղաղության մարդիկ ենք, կայունության համար պայքարողներ», – ասել է Ծուլուկիանին այսօր կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով, Վրաստանի ներկայիս իշխանությունները «ամեն ինչ կանեն, որպեսզի երկրում ոչ մի կրակոց չարձակվի»։

«Մեր անկախությունը, պետականությունը և այդ խաղաղությունը, որոնք այսօր մեծ արժեք ունեն, ձեռք են բերվել արյունով։ Մենք այլևս չենք ուզում այդ արյունը։ Մենք աշխատում ենք, որպեսզի այս երկիրն ունենա առնվազն այն պայմանները, որոնք ունենք այսօր՝ փխրուն խաղաղություն, բայց խաղաղություն, և մենք պետք է ավելի ամրապնդենք այս խաղաղությունը», – ասել է Ծուլուկիանին:

Միաժամանակ Ծուլուկիանին Արեստովիչի հայտարարություններն անվանել է «վիրավորական»։

«Պարոն Արեստովիչը հաստատում է, որ եթե Սահակաշվիլին լիներ իշխանության ղեկին, Վրաստանը պատված կլիներ պատերազմի կրակով։ Սա հենց այն է, ինչ մենք չենք անի։ Մեր քաղաքականությունն այն է, որ պատերազմ չի լինի»,- ասել է Ծուլուկիանին։