Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կտրականապես հերքել է այն լուրերը, թե իբր իրեն նշանակել են ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի պաշտոնում։
«Սա բացարձակ, 100%-անոց սուտ է։ Ոչ մի առաջարկ, ոչ քննարկում, ոչ նախապատրաստություն, ոչ մի նման բան չի եղել:
Մինչ Ուկրաինա մեկնելը կապ եմ ունեցել Սաակաշվիլիի հետ, նամակագրություն, նախատեսել էինք միասին գնալ Ուկրաինա։ Ըստ երևույթին, նրանք նման հորինված սկանդալներ ունեն և օգտագործում են այլ իրադարձություններ կոծկելու համար», – ասել է Մարգվելաշվիլին ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Այն, որ Մարգվելաշվիլին նշանակվել է ՄԱՇ-ի ղեկավարի պաշտոնում, և այս որոշումն արդեն համաձայնեցված է կուսակցության ղեկավարության հետ, այսօր հայտնել է Ռուսթավի-2 հեռուստաընկերությունը։ Նրանց խոսքով՝ Գիորգի Մարգվելաշվիլին կուսակցության նախագահի պաշտոնի առաջարկն անձամբ է ստացել Միխեիլ Սաակաշվիլիից։ Այսօր կեսօրին այս հաղորդագրությունը հերքել է Միացյալ ազգային շարժումը։