Իսանի-Սամգորի շրջանի ոստիկանությունը բերման է ենթարկել ծնողների դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող տղամարդուն։ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալվածը սպանել է ընտանիքի անդամներին, ապա այրել բնակարանը՝ հանցագործությունը թաքցնելու համար։
Գործակալության տվյալներով՝ 2022 թվականի ապրիլի 27-ին Իսանի-Սամգորիի գլխավոր վարչությունը հաղորդագրություն է ստացել Թբիլիսիի 4-րդ Վազիսուբանի միկրոշրջանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ բնակարանի դուռը ներսից փակ է։ Հրշեջ-փրկարարները մտել են բնակարան, հրդեհը մարվել է։
Տեղում հայտնաբերվել են 1964 թվականին ծնված քաղաքացի Զ.Բ.-ի և նրա կնոջ՝ 1967 թվականին ծնված քաղաքացի Լ.Թ.-ի դիերը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքներով։
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը կրակել է ծնողների գլխին, երբ նրանք քնած են եղել։
Ըստ ՆԳՆ-ի՝ հանցագործության հետքերը թաքցնելու համար մեղադրյալը ավազակային հարձակում է կատարել, վերցրել որոշ իրեր ու զարդեր, հրդեհել ու անհետացել։
«Որպես իրեղեն ապացույց առգրավվել են հանցագործության գործիքներ, գումար և ոսկյա զարդեր»,–հավելել են վարչությունից։
Նախաքննությունը շարունակվում է ընտանիքի երկու և ավելի անդամների նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության հոդվածով։ Մեղադրյալին սպառնում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։