Էլոսը մարմնի անցանկալի մազերի հեռացման բավականին տարածված եղանակ է: Այն համեմատաբար նոր տեխնոլոգիա է և համարվում է մազահեռացման ամենաանվտանգ ու արդյունավետ մեթոդներից մեկը։ Այս հոդվածում ոլորտի մասնագետ Մարինե Առաքելյանի օգնությամբ կներկայացնենք էլոս-մազահեռացման առավելությունների, հակացուցումների, ընթացակարգի, սեանսերի քանակի և այլ մանրամասների մասին։
Ի՞նչ է էլոս մազահեռացումը
Մազահեռացման այս մեթոդը միավորում է երկու տեսակի էներգիա՝ լույսի և հոսանքի: Լույսի էներգիան ներազդում է մազերի վրա՝ քայքայելով դրանք։ Իսկ հոսանքի էներգիան գործում է մազերը սնուցող ֆոլիկուլի վրա։ Այսպիսով, տեղի է ունենում ամբողջական մազահեռացում:
Էլոս մազահեռացման առավելությունները.
• Կարելի է հեռացնել ցանկացած գույնի մազեր՝ մուգ, բաց, շիկահեր։
• Կարելի է կիրառել ցանկացած մասի վրա՝ դեմքի, մարմնի, բիկինիի հատվածում։
• Մազահեռացում կարելի է իրականացնել ցանկացած ֆոտոտիպի մաշկի վրա։
• Պրոցեդուրայից հետո արագ վերականգնում։
• Երկարաժամկետ ազդեցություն։
• Բացի մազահեռացումից, պրոցեդուրայից ստացվում է երիտասարդացնող ազդեցություն։
• Գործնականում ցավ չի լինում։
• Գրագետ օգտագործման դեպքում այրվածքները բացառվում են։
Քանի՞ ընթացակարգ է պահանջվում
Մազերն ամբողջությամբ հեռացնելու համար պետք է ընթացակարգերի կուրս անցնել։ Սա մոտ 6-10 պրոցեդուրա է։ Հազվագյուտ դեպքերում պահանջվում է մազահեռացման ավելի քան 10 սեանս։ Բուժումները կատարվում են 4-7 շաբաթ ընդմիջումներով։
Սեանսների քանակը և դրանց միջև ընդմիջումը սահմանվում է կոսմետոլոգի կողմից անհատապես՝ կախված մաշկի տեսակից, մազերի գույնից և բուժման վայրից:
Ընթացակարգի ընթացքում ախտահարվում են միայն ակտիվ աճի փուլում գտնվող մազերը։ Այսպիսով, մազահեռացման մեկ սեանսից հետո մազերի միայն 10%-ն է քայքայվում։ Մազերի ֆոլիկուլների հանգստի շրջանը կախված է մարմնի մասից։
Միջին հաշվով, մազերի ամբողջական հեռացումը կարող է տևել մեկ տարի, եթե դա արվի ամիսը մեկ անգամ:
Մարմնի տարբեր մասերի համար ընթացակարգերի միջին քանակը.
• դեմքի մազեր՝ 10 սեանս
• թեւատակեր ՝ 3-4 սեանս
• ոտքերի մազեր՝ 8 սեանս
• բիկինի գոտի՝ 10-15 սեանս։
Ըստ Մարինե Առաքելյանի՝ ժամկետների տարբերությունը կապված է նրա հետ, թե որքան խորն են տեղակայված մազարմատները։ Խուրությունը տատանվում է 1-4 մմ սահմաներում, բնականաբար, մակերևությին մոտ գտնվողները վերանում են առաջին հերթին, իսկ խորը տեղակայված արմատների վերացման համար պահանջվում է մի քանի ընթացակարգ։
Ինչպե՞ս պատրաստվել Էլոս մազահեռացման
Նախատեսված ընթացակարգից առնվազն մեկ ամիս առաջ արգելվում է արևային լոգանք ընդունել ուղիղ ճառագայթների տակ, այցելել սոլյարի։
Էլոս մազահեռացման կուրսի մեկնարկից մեկ ամիս առաջ արգելվում է մազերը հեռացնել մոմով, շաքարի մածուկով, ունելիով և մազահեռացման այլ եղանակներով։
Մազահեռացման հատվածներում խորհուրդ չի տրվում պիլինգներ կիրառել պրոցեդուրայից 2 շաբաթ առաջ։
Խորհուրդ չի տրվում մաշկը շոգեհարել ընթացակարգից մեկ օր առաջ և հաջորդող 7 օրերին։
Մազահեռացման ընթացակարգից մեկ-երկու օր առաջ անհրաժեշտ է սափրել համապատասխան հատվածները։ Մազերի երկարությունն ընթացակարգի ժամանակ պետք է լինի մոտ 1-2 մմ:
Ընթացակարգից առաջ ցանկալի չէ ալկոհոլ, ճարպոտ և ծանր սնունդ օգտագործելը։
Ընթացակարգից առաջ կոսմետոլոգը տեղեկատվություն է հավաքում հաճախորդի ընդհանուր առողջության, մաշկի տեսակի, մազերի կառուցվածքի մասին։ Անհրաժեշտության դեպքում հաճախորդը կարող է լրացուցիչ ուղղորդվել գինեկոլոգի, մամոլոգի կամ էնդոկրինոլոգի խորհրդատվության:
էլոս մազահեռացման ընթացակարգը
Հաճախորդը նստած է հատուկ աթոռի կամ բազմոցի վրա: Մազահեռացման հատվածում մաշկը մշակվում է հակասեպտիկով:
Եթե հաճախորդը ցավի նկատմամբ բարձր զգայունություն ունի, ապա կարող է օգտագործվել անզգայացնող քսուք:
Այնուհետև մշակվող հատվածի վրա բարակ շերտով քսվում է կոնտակտային գելը, որն ապահովում է սարքի սերտ շփումը մաշկի հետ: Այս գելը մի փոքր կսառեցնի մաշկը, ինչը կնվազեցնի զգայունությունը։
Պրոցեդուրայի ընթացքում հաճախորդը և կոսմետոլոգը պետք է կրեն անվտանգության հատուկ ակնոցներ՝ իրենց աչքերը լույսի շողերից պաշտպանելու համար:
Լույսի ազդեցությունը կիրառվում է մշակվող հատվածներով: Էպիլյացիայի ժամանակ հնարավոր են անսովոր զգացողություններ, որոնք հիշեցնում են կտկտոց, ծակծկոց։
Պրոցեդուրայից հետո կոնտակտային գելի մնացորդները հեռացվում են, մաշկը ենթարկվում է մշակման։
Մշակված հատվածներում մազերը կանհետանան 3-4 շաբաթ: Հաջորդ ընթացակարգը կատարվում է մոտ 6-8 շաբաթ անց։ Յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո մշակման հատվածում ավելի քիչ աճող մազեր կլինեն, դրանք կդառնան ավելի բարակ և բաց:
Ընթացակարգի տևողությունը կախված է մշակվող հատվածից, մազերի կառուցվածքից, սարքի հզորությունից և շփման գոտուց: Միջին հաշվով, ընթացակարգը տևում է 30-ից 60 րոպե:
Հնարավոր բարդություններ
Մազահեռացումից հետո կարող է առաջանալ մաշկի կարմրություն կամ այտուց: Սա կարճաժամկետ ազդեցություն ունի և անհետանում է պրոցեդուրայից հետո 30-60 րոպեի ընթացքում։
Երբեմն կարող են առաջանալ գրգռվածություն, բշտիկներ, թեթեւ այրվածքներ։ Անհետանում են 2-3 օրվա ընթացքում։
Բարդություններն առավել հաճախ առաջանում են վարպետի ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքով՝ սարքի վրա ճառագայթային հզորության սխալ կարգավորումների պատճառով։
Եթե ընթացակարգը ճիշտ է կատարվում, ապա բարդությունների ռիսկը նվազագույնի է հասցվում։ Մարինե Առաքելյանի խոսքով՝ ներկայումս Հայաստանում առկա են և օգտագործվում են էլոս սարքավորման վերջին, նորրագույն մոդելներ։
Ընթացակարգից հետո խնամքը
Էլոս-մազահեռացումից հետո պետք է պահպանել մի քանի պարզ կանոններ.
• Պրոցեդուրայից հետո մեկ ամիս չընդունել արևայրուք, այդ թվում՝ սոլյարիում։
• Օգտագործել արևապաշտպան քսուք՝ պաշտպանվածության բարձր աստիճանով (առնվազն 30 SPF)
• Աճած մազերը մի պոկեք ունելիով, մի հեռացրեք էպիլյատորով, շաքարի մածուկով կամ մոմով: Խորհուրդ է տրվում ածելի օգտագործել։
• Մազահեռացումից հետո առաջին օրերին մի օգտագործեք սկրաբներ։
• Մաշկը շոգեհարել կարող եք պրոցեդուրայից միայն 7 օր հետո։
Էլոս մազահեռացման հակացուցումներ
• Սուր վարակիչ հիվանդություններ
• Սրտի աշխատանքի խանգարումներ
• Ուռուցքաբանական հիվանդություններ
• Էպիլեպսիա
• Մաշկային հիվանդություններ (էկզեմա, պսորիազ, նեյրոդերմատիտ)
• Լույսի նկատմամբ զգայունությունը բարձրացնող դեղամիջոցների օգտագործում
• Ալերգիա արեւից
• Արյան մակարդման խախտում
• Հիպերտոնիա
• Հղիության և լակտացիայի շրջան
• Պիրսինգ մշակվող հատվածում
• Դաջվածքներ մշակվող հատվածում
• Թարմ արևայրուք
• Կելոիդային սպիներ մշակվող տարածքում
• Շաքարային դիաբետ
• Մետաղական իմպլանտներ մշակվող տարածքում
• Հոգեկան հիվանդություն
• Դեմքի էպիլյացիայի համար՝ վերջին երեք ամսվա ընթացքում կատարված դեմքի լազերային երիտասարդացման պրոցեդուրա, խորը քիմիական պիլինգ։
Այսպիսով, Մարինե Առաքելյանի հավաստմամբ, էլոս մազահեռացումը բավականին արդյունավետ միջոց է՝ թույլ տալով ընդմիշտ ազատվել մազածածկույթից։ Իսկ պրոֆեսիոնալ մասնագետի կողմից սարքի պատշաճ օգտագործման դեպքում սա մազահեռացման ամենաանվտանգ մեթոդներից է։