Վրաց ազգայնականների հակաթուրքական ակցիան Թբիլիսիում (տեսանյութ)

Վրաց ազգայնականների հակաթուրքական ակցիան Թբիլիսիում (տեսանյութ)

Սեպտեմբերի 27-ը Վրաստանում նշվում է որպես Սուխումիի անկման օր: 23 տարի առաջ Սուխումին լքեցին վրացիները, որով ըստ էության ավարտվեց շուրջ 13 ամիս տեւած վրաց֊աբխազական պատերազմը:

Պատերազմի հետևանքով Վրաստանը կորցրեց Աբխազիան, տարբեր տվյալների համաձայն` այս հակամարտությունը խլեց շուրջ 20.000 մարդու կյանք:
2016 թվականի սեպտեմբերի 27-ին, Թբիլիսիի Հերոսների հրապարակում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ծաղկեպսակներ դրեցին Վրաստանի միասնության եւ տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշարձանին և իրենց ցավակցությունը հայտնեցին զոհվածների հարազատներին:

Նույն երեկոյան, ժամը 19:00֊ին իրադարձությունները սկսեցին այլ կերպ զարգանալ։Այսպես` մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտայի` նույն անունը կրող մետրոյի կայարանի դիմաց հավաքվել էին վրաց ազգայնական կազմակերպության ներկայացուցիչներ:
Մի խումբ դիմակավոր երիտասարդներ հետևյալ կոչերն էին հնչեցնում. «Աբազյան Վրաստան է», «Սամաչաբլոն Վրաստան է», «Փառք Վրաստանին, փառք հերոսներին», «Կեցցե ազգայնական Վրաստանը` առանց լիբերալների», «Կեցցե վրացի Վրաստանը» եւ այլն։
Ռուսթավելիի մետրոյի կայարանի տարածքից ազգայնականները շարժվեցին դեպի Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված Հերոսների հուշարձանի տարածք:

Որոշ ժամանակ անց, երիտասարդների բազմությունը հայտնվում է Թբիլիսիի Դավիթ Աղմաշենեբելիի պողոտայի վրա, ուր տեղակայված են մի շարք թուրքական խանութներ ու մեծամասամբ թուրք այցելուներ ունեցող ժամանցի վայրեր:
Երիտասարդները վանկարկում էին հայհոյանքներ թուրքերի հասցեին և ըստ ականատեսների` կոտրում թուրքական ռեստորանների ապակիները: Գործողությունների, բողոքի ցույցի ողջ ընթացքում ոստիկանությունը վերահսկում էր դրա ընթացքը։
Ստեղծված իրավիճակում կարճ ժամանակով արգելվեց երթեւեկությունը Աղմաշենեբելի պողոտայում, տարածք ժամանեցին իրավապահ մարմինների հատուկ ջոկատայիններ և շտապ օգնության մեքենաներ: Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվեց ցույցի 11 մասնակից:
Ակցիայի կազմակերպիչները խուսափում էին մամուլի միջոցների հետ շփումից։ Այսուհանդերձ, Ալիք մեդիային հաջողվեց երիտասարդ կազմակերպիչներից մեկից պարզել, որ երթը կազմակերպել է «Վրացական ուժ» կազմակերպության կողմից․
«Բոլորս համախմբված ենք մեկ գաղափարի շուրջ»,֊ հակիրճ արձագանքեց ներկայանալ չցանկացող երիտասարդը։

«Վրացական ուժ» կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականի հուլիսի 31-ին։ Նույն տարվա օգոստոսի 19-ին, Բաթումի քաղաքի կենտրոնում նրանք անց են կացրել ճանաչողական բնույթի առաջին երթը։
Ի դեպ, նախորդ տարի այս օրը՝ սեպտեմբերի 27֊ին, այս խումբը Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց կազմակերպել էին ջահերով լուռ ակցիա:
Այս տարվա մարտի 3-ին, կազմակերպությունը քայլերթ էր կազմակերպել Վրաստանում Գերմանիայի դեսպանատան ուղղությամբ։ Բողոքի ակցիայի նպատակը Սիրիայից և Պաղեստինից Վրաստանում փախստականներ ընդունելու հարցի բարձրացումն էր:

www.aliq.ge



Opinion, pooling and voting