Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական խնդիրները կլուծվեն, եթե նա ուտի «ձու և կաթնաշոռ»։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
Ըստ նրա՝ իշխանությունները պատասխանատու են Սահակաշվիլիի առողջության պահպանման համար, իսկ մնացածը հենց քաղաքական գործչի պարտականությունն է։
Երազանքի նախագահը չի բացառել, որ Սահակաշվիլին միտումնավոր չի ընդունում պրոտեին պարունակող մթերքներ։
«Դա պարզ է. Նա կարող է սպիտակուց ստանալ, բայց չի ստանում: Թող ընդունի, և ամեն ինչ կավարտվի: Ես չեմ կարող մանրամասնել, թե ինչու նա չի կարող ձու կամ կաթնաշոռ օգտագործել: Ինչու կարելի է ուտել շոկոլադ, բայց ոչ կաթնաշոռ: Մանրամասների մասին չեմ կարող խոսել։ Թող ձու ու կաթնաշոռ ուտի, և խնդիրը կլուծվի: Կատակները մի կողմ, բայց սա կարող է դիտավորյալ ծրագիր է՝ չընդունել սպիտակուցներ, որպեսզի նման ախտորոշում կատարվի»,- ասել է Կոբախիձեն և հավելել, որ յուրաքանչյուրը, ով պահանջում է Սաակաշվիլիի ազատ արձակումը կամ տեղափոխումը նպատակաուղղված է Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հորդորել էր վրացական իշխանություններին «ուշադրությամբ և լրջությամբ» մոտենալ Վրաստանի երրորդ նախագահի առողջության վերաբերյալ հանրային պաշտպանի առաջարկություններին։
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի կողմից ստեղծված բժիշկների խորհրդի եզրակացության համաձայն՝ վերջին այցի համեմատ (01/11/2022) Սահակաշվիլիի վիճակը զգալիորեն վատացել է։
Այսօր ժամը 18:00-ին լրանում է Սահակաշվիլիի ընտանիքի կողմից Վրաստանի իշխանություններին տրված ժամկետը։ Նրանք պահանջում են քաղաքական գործչին ուղարկել արտերկիր բուժման։ Ինչպես այսօր հայտարարել է Արդարադատության նախարարության ղեկավարը, նախկին նախագահը ստանում է պատշաճ բուժում, և նրա համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ թե՛ սննդի, թե՛ այցելությունների առումով։