Եվրամիության (ԵՄ) 15 երկրներում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի մոտ 95 դեպք։ Այս մասին հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնին (ECDC):
Լրատվամիջոցները նշում են, որ հիվանդությունը հայտնաբերվել է 16 տարեկանից ցածր երեխաների մոտ։
Ամենաշատ դեպքերը գրանցվել են Իտալիայում և Իսպանիայում՝ համապատասխանաբար 35 և 22։ Նիդեռլանդներում և Դանիայում փորձագետները հայտնաբերել են վեց դեպք, Իռլանդիայում՝ հինգից պակաս: Հիվանդության հայտնաբերման մասին հայտարարվել է նաև Պորտուգալիայում, Ռումինիայում (4-ական դեպք), Բելգիայում (երեք դեպք), Ավստրալիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում և Նորվեգիայում (2-ական դեպք): Գերմանիան, Լեհաստանը և Սլովենիան հայտնում են երկրում մեկ դեպք։
Ապրիլի 23-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ առնվազն մեկ մահ է գրանցվել անհայտ ծագման սուր հեպատիտից։ ԱՀԿ-ն չի հստակեցրել, թե որ երկրում է մահացել երեխան։
Ավելի ուշ Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը հայտարարեց, որ հիվանդությունն արդեն գրանցվել է եվրոպական 12 երկրներում։ Վարակման դեպքեր, ըստ նրա, գրանցվել են մեկ ամսականից մինչև 16 տարեկան երեխաների մոտ։